Բաժիններ՝

«Բիզնես օմբուդսմենի ստեղծումն ամբողջությամբ կախված է քաղաքական կամքից». Գևորգ Պողոսյան 

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՓՄՁ համագործակցության աշխատանքային խումբն աշխատանքներ է սկսել՝ Հայաստանում Ձեռնարկատիրական հաշտարարի ինստիտուտ (business ombudsman) ներդնելու համար: Բիզնես օմբուդսմենի գաղափարը մասնավոր հատվածը վաղուց էր շրջանառում, սակայն որևէ արդյունք չկար:
Տնտեսագետ Գևորգ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ 4 տարի առաջ շատ ակտիվ փորձում էին իշխանություններին ներկայացնել, որ այդ ինստիտուտի անհրաժեշտությունը կա:

«Եթե նախկինում կային բողոքարկման տարբեր հանձնաժողովներ, միջգերատեսչական խմբեր, որոնց բիզնեսը կարող էր դիմել, հիմա իրականում դրանք չկան, պետական մարմինների թեժ գծերն ակտիվ արձագանքելու մեխանիզմ չունեն, ինստիտուցիոնալ մեխանիզմ չկա: Եվ ինչքան էլ պետություն-մասնավոր քննարկումներ կան, դրանք համակարգային խնդիրների են վերաբերում, իսկ մասնավորը չգիտի՝ ում դիմի, եթե չի ցանկանում գնալ դատարան:

Դատական գործընթացը շատ երկարատև և անարդյունավետ է, և ավելի շատ մյուսների համար է օգուտ լինում, որովհետև անգամ, եթե 2 տարի հետո խնդիրը լուծվում է, դա քեզ արդեն պետք չի: Դրա համար պետք է նման մարմին, որը հենց այդ նպատակով ստեղծված լինի, որտեղ կկուտակվի փորձագիտությունը, կստանան տեղեկատվությունը պետական մարմիններից: Օրինակ՝ գործարարը լիցենզիայի համար դիմել է, բայց մերժվել է, թեև պահպանել է բոլոր նորմերը, և պայքարելու համար օմբուդսմենի գրասենյակ պետք է լինի, որը կպահանջի բոլոր տեղեկատվությունը, կուսումնասիրի ու կտա գնահատական, և եթե տվյալ բիզնեսն օրենքի ուժով պետք է ստանար այդ լիցենզիան, օմբուդսմենը կառաջարկի պետական կառույցին վերանայել որոշումը: Սա է ասում միջազգային փորձը:

Ընդ որում՝ օմբուդսմենին պետական կառույցը պետք է պատասխանի, հիմնավորի, թե ինչի համար է մերժել ու ինչի համար է իրավական համարում իր մերժումը»,- ասաց Գ.Պողոսյանը:

Ըստ նրա՝ օմբուդսմենը նաև ունի ազդեցիկ ֆունկցիա, որ պարբերաբար հայտարարում է, թե որ պետական մարմինն ու պաշտոնյան հաշվի չեն առել իր կողմից ներկայացված առաջարկությունները, ովքեր են խոչընդոտում բիզնես միջավայրին:

Տնտեսագետը նշեց, որ օմբուդսմենի մասին օրենքի նախագիծը վաղուց պատրաստ է, միջազգային կառույցները բազմաթիվ անգամ աջակցելու պատրաստակամություն են հայտնել, որ կա՛մ համաֆինանսավորեն, կա՛մ ամբողջովին ֆինանսավորեն այդ գրասենյակը. «Դա կարևոր է՝ գրասենյակի անկախության առումով, որ պետությունից կախված չլինի»:

Թե, ի վերջո, ե՞րբ կստեղծվի բիզնես օմբուդսմենի գրասենյակ, Գ.Պողոսյանը նշեց, որ դա ամբողջությամբ կախված է քաղաքական կամքից. «Որ պահից կառավարությունը ցանկություն հայտնեց, որ դա լինի, առավելագույնը 6 ամսում այն կսկսի գործել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս