Մշտական կամ տևական բնակության ՌԴ տեղափոխված անձը հնարավորություն կունենա ՌԴ-ում ստանալ ՀՀ-ում իրեն նշանակված կենսաթոշակը
Հայաստանում անցած տարի մոտ 3500 կենսաթոշակառու չի ստացել իր թոշակը: Ինչպես այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018թ. բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սայիյանը, այդ գումարը կազմում է տարեկան մոտ 3.5-4 մլրդ դրամ:
Ըստ նրա՝ այս քաղաքացիները բնակվում են արտերկրում, իսկ ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու համար անձը պետք է տարեկան մեկ անգամ ներկայանա համապատասխան մարմին:
Ս. Սայիյանը նշեց, որ արտերկրում գտնվող քաղաքացիերին կենսաթոշակ վճարելու համար ՀՀ-ն համաձայնագիր ունի միայն ԱՊՀ երկրների հետ, այսինքն՝ եթե քաղաքացին գտնվում է ՌԴ-ում, ապա իրավունք ունի ՌԴ օրենսդրության համաձայն ստանալ իր կենսաթոշակը.
«Այսօր ավարտական փուլ են մտել ԵԱՏՄ շրջանակներում նոր համաձայնագրի նախագծի մշակման աշխատանքները, որով նախատեսվում է տարածքային սկզբունքի փոխարեն համամասնական սկզբունք, որը նշանակում է, որ կենսաթոշակը վճարում է այն պետությունը, որ պետության դիմաց անձը ձեռք է բերել այդ իրավունքը: Այսինքն՝ եթե անձը կաշխատի ՀՀ-ում, ապա մշտական կամ տևական բնակության կտեղափոխվի ՌԴ, ապա նա հնարավորություն կունենա այնտեղ ստանալու այստեղ իրեն նշանակված կենսաթոշակը»: