Հիմնական մտավախությունը Արցախի անկախությունը կասկածի տակ դնելն է. Արարատ Դանիելյանը՝ ստորագրահավաքի մասին

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից սահմանադրական փոփոխությունների համար ստեղծված նախաձեռնող խմբի առաջարկը իրավական լուրջ խնդիրներ է պարունակում:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտարարել է ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:

«Իրավունքի տեսակյունից նրանք կարող են հանդես գալ ցանկացած առաջարկով: Սահմանադրությունը նման հնարավորություն տալիս է: Սակայն այն առաջարկը, որը ներկայացված է նախաձեռնող խմբի կողմից, լուրջ կասկածի տակ է դնում սահմանադրական կարգի հիմունքներում ինքնորոշման իրավունքը, որի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծվել և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ է հռչակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- ասել է Ա. Դանիելյանը:

Նախարարի խոսքով՝ խնդիրը նաև քաղաքական կողմ ունի: Մասնավորապես՝ անցած մոտ երեք տասնամյակների ընթացքում Արցախում անց են կացվել շուրջ 11 համապետական ընտրություններ, որոնց մասնակցել են միայն Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիները: «Մենք միջազգային հանրությանը ցույց ենք տալիս, որ մեր ինքնորոշման իրավունքը իրացնում ենք՝ հարգելով միջազգային բոլոր նորմերն ու հռչակագրերը: Իսկ այս պարագայում ստացվում է հակառակը, և հիմնական մտավախությունը Արցախի անկախությունը կասկածի տակ դնելն է, որի իրացման դեպքում հետևանքները բացասական լուրջ ազդեցություն են ունենալու բանակցային գործընթացի վրա: Կարծում եմ՝ մեր հասարակությունը պարտավոր է իմանալ այս ռիսկերի մասին և ավելի խոհեմ որոշում կայացնել»,- ընդգծել է արդարադատության նախարարը՝ ավելացնելով, որ սկսված ստորագրահավաքը դեռևս գործընթացի առաջին քայլն է, և, հաղթահարելու դեպքում, այն պետք է քննարկվի Խորհրդարանում, ինչպես նաև ստանա Գերագույն դատարանի իրավական դիրքորոշումը:

Տեսանյութեր

Լրահոս