
«Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի պայմաններում որևէ պաշտոնատար անձ իրավունք չունի սահմանահատումների արգելք կիրառել». Միհրան Պողոսյան

Երեկ լրատվամիջոցներում լուր տարածվեց, որ «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հունիսի 8-ին արգելել են հատել հայ-վրացական սահմանը և դուրս գալ երկրից։
Լուրը news.am-ի հետ զրույցում հաստատել էր Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը` նշելով, որ Յուրի Խաչատուրովը անձնական պատճառներով պետք է մեկներ իր ծննդավայր՝ Վրաստանի Տետրիցկարո (Թեթրի Ծղարոն) բնակավայր, սակայն ժամը 17։00-ի սահմաններում Բագրատաշենի սահմանակետում առանց հիմնավոր պատճառաբանության արգելել են նրան դուրս գալ երկրից։
168.am-ը Միհրան Պողոսյանին խնդրեց որոշակի մանրամասներ հայտնել միջադեպից ու մեկնաբանել իրավիճակը:
Վերջինս ասաց, որ Բագրատաշենի սահմանային անցակետում սահմանապահները, վկայակոչելով Յուրի Խաչատուրովի նկատմամբ սահմանն անցնելու` ինչ-որ գերատեսչության կողմից դրված արգելքը, թույլ չեն տվել, որ վերջինս հատի հայ-վրացական սահմանը:
«Յուրի Խաչատուրովն անձնապես իր մոտ ունեցել է դատարանի հանձնարարականը այն մասին, որ առաջին հերթին նրան թույլատրվում է որոշակի ժամանակահատվածով մեկնել ՀՀ-ից, և երկրորդը, որ եթե առկա է սահմանահատումների արգելք, ապա դա ենթակա է վերացման, սակայն այդ փաստաթղթի ներկայացումն էլ ոչինչ չի փոխել. կարճ քննարկումներ են եղել, բայց իրավիճակը որևէ կերպ չի փոխվել: Սահմանապահները չեն թույլատրել նրան հատել սահմանը»,- նշեց Միհրան Պողոսյանը:
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի փաստաբանն ասաց, որ դրանից հետո իրենք իրավիճակի մասին տեղեկացրել են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպնին (ՄԻՊ), և ՄԻՊ աշխատակիցները գործողություն են իրականացրել, որպեսզի ճշտեն արգելքի հիմքը, բայց մինչ այս պահը որևէ արձագանք համապատասխան իրավասու մարմիններից չկա:
«Պետք է նշել, որ ընդհանրապես արգելք կիրառելն էլ է հակաօրինական եղել, որովհետև գաղտնիք չէ, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց` գրավ է սահմանված, և գրավի պայմաններում որևէ պաշտոնատար անձ իրավունք չունի սահմանահատումների արգելք կիրառել: Այսինքն` հերիք չէ, որ ի սկզբանե անօրինականություն է տեղի ունեցել, երբ սահմանահատումների արգելք է կիրառվել իմ պաշտպանյալի նկատմամաբ, նաև անօրինականություն է իրականացվել այն պարագայում, երբ դատարանի հստակ հանձնարարական է առկա եղել` կիրառված սահմանահատումների արգելքը վերացնելու հետ կապված, ու պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները և չեն վերացրել այդ արգելքը»,- շեշտեց Միհրան Պողոսյանը:
Մեր այն հարցին, թե կա արդյոք արձագանք Հատուկ քննչական ծառայությունից, և ինչպես են իրենք մեկնաբանում ստեղծված իրավիճակը, փաստաբանն ասաց, որ բացի ՄԻՊ-ից և նրանց կատարած գործողություններից, որևէ արձագանք ոչ ոստիկանությունից, ոչ ԱԱԾ-ից և ոչ էլ ՀՔԾ-ից չի եղել:
Մեր ճշտող հարցին ի պատասխան` Միհրան Պողոսյանն ասաց, որ սահմանապահներն իրենք էլ չեն պարզաբանել, թե կոնկրետ որ մարմինն է արգելք դրել Յուրի Խաչատուրի սահմանանցման վրա, և պաշտպանական կողմը կարծում է, որ դա կամ ԱԱԾ-ն է, կամ ՀՔԾ-ն: Ուղղակի խնդիրն այն է, որ որ մարմինն էլ որ այդ արգելքը դրած լինի, դա անօրինական է: Բացի դրանից, հստակ է եղել դատարանի հանձնարարականը սահմանահատումները վերացնելու մասին, և փաստ է այն, որ կա մակագրություն, որ այդ հանձնարարականը հանձնվել է ոստիկանությանը, և իրենք դա ստացել են:
«Երկուշաբթի օրը ՄԻՊ-ին տրված իմ հաղորդման հետ կապված ողջ փաստաթղթաշրջանառությունն եմ ստանալու, հարցումներ եմ կատարելու նաև Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայություններ և ոստիկանություն, որպեսզի պարզաբանեն, և ի վերջո, Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք պետք է սովորեն գործել օրենքի հիման վրա, այլ ոչ թե անձանց քմահաճույքներով, որովհետև եթե որոշ մարդկանց քմահաճույքով մարդուն արգելել են օրինական կարգով սահման անցնել, ապա դրա համար պիտի պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց Միհրան Պողոսյանը:
168.am-ի հարցին, թե ինչ պատասխանատվություն է ենթադրվում դրա համար, Յուրի Խաչատուրովն ասաց, որ առկա է կոնկրետ դեպք, որ որևէ իրավասու մարմին լիազորություն չի ունեցել սահմանն անցնելը արգելել, բայց փակել են, այսինքն` անցել են իրենց պաշտոնական լիազորությունները:
«Երկորդ դրվագով իրավախախտում է այն, որ պարտավոր էին վերացնել եղած արգելքը, սակայն իրենց պաշտոնական պարտականությունները չեն կատարել, որով վնաս է պատճառվել Յուրի Խաչատուրովին: Սա էլ արդեն քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածն է: Այսինքն` միանշանակորեն այս դեպքը քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն է ենթադրում: Անձը փաստացի զրկվել է ազատ տեղաշարժվելու իրավունքից, սահմանափակվել է այդ իրավունքը, ինչը էական վնաս է պատճառել վերջինիս, և այս առումով առնվազն պետք է քրեական գործ հարուցվի, ու բոլոր մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- եզրափակեց Միհրան Պողոսյանը: