«Հետո ստիպված կլինենք պայքարել հետևանքների դեմ, եթե մենք այսօր չտեղորոշենք պատճառները և դրանք արմատախիլ չանենք»

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ վերջին օրերի դեպքերին: Նա նշեց, որ դրանք չեն դիտարկվում որպես մեկ լոկալ դեպք և իրենք հետևում են, որ ամբողջ ծավալով իրականացվի կազմակերպիչների բացահայտումը:

Ըստ նրա՝ մեքենաներով դիտավորությամբ երթևեկության կանոնների խախտումը իրենք ևս արձանագրել են և դա միայն երթևեկության կանոնների խախտում չէ, նմանատիպ դեպքեր եղել են, դրանք դիտարկվել են որպես խուլիգանություն և անգամ դատական ակտ է եղել:

«Մենք դեռևս երկու տարի բռնության կոչերի վերաբերյալ փոփոխություններ ենք նախաձեռնել, դատախազությունը ներկայացրել էր, որ քրեականացվեն մեր երկրում բռնության կոչերը»,- ասաց Ա.Դավթյանը՝ հավելելով, որ կառավարությունում երկար քննարկումներից հետո ԱԺ գնաց միայն ահաբեկչության կոչերը քրեականացնելու նախագիծ, բայց օրենքը դեռ չի ընդունվել և կարելի է շարունակել այս ուղղությամբ աշխատանքները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը, խոսքի և արտահայտվելու ազատությունը որևէ կերպ չսահմանափակվի, մյուս կողմից՝ բացառվի իրավիճակը, երբ բռնության քարոզն ու բռնության բառապաշարը չդառնան սովորական, առօրյա մի բան, որը կբերի կոնկրետ դրսևորումների.

«Հետո ստիպված կլինենք պայքարել հետևանքների դեմ, եթե մենք այսօր չտեղորոշենք պատճառները և դրանք արմատախիլ չանենք»:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորեց խոսքի ազատության պաշտպանվածությունը, այդ թվում՝ քաղաքական քննադատության դեպի կառավարությունը, որը վերջին շրջանում զարգանում է:

Միաժամանակ նա անթույլատրելի համարեց բռնության կոչերը. «Կարծում եմ՝ դա պետք է արժանանա պետության պատասխանին: Եթե տեղի են ունենում բռնության կոչեր և դրան պետությունը չի արձագանքնում պատշաճ և ժամանակին, իհարկե, օրենքի սահմաններում, դա չի ունենում պատշաճ կանխարգելիչ նշանակություն»:

ՄԻՊ-ը պատրաստակամություն հայտնեց համագործակցելու՝ շեշտելով, որ պետությունը պետք է արագ հակազդի:

Տեսանյութեր

Լրահոս