Բաժիններ՝

Սեւան համայնքի ճանապարհաշինական աշխատանքները նոր թափ են առնում

Սեւան համայնքում դեռեւս այս տարվա ապրիլ ամսից մեկնարկեցին համայնքի փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթների քայքայված տեղամասերի փոսային նորոգման եւ ճաքալցման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, աշխատանքների ընդհանուր ծավալն ընդգրկել է շուրջ 2300 քառակուսի մետր, որն իրականացվել է համայնքային բյուջեի միջոցներով: Այս օրերին մասնակի եւ փոսային նորոգման աշխատանքները շարունակվում են` ընդգրկելով քաղաքի այլ փողոցներ եւ տարածքներ: Ճանապարհաշինական այս աշխատանքներին զուգահեռ՝ Սեւանում նախատեսված է նաեւ միաշերտ ասֆալտապատում:

«Դեռևս փետրվար ամսին համայնքապետարանը ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, հայտեր է ներկայացրել ՀՀ կառավարություն: «Սեւան համայնքի 5-րդ միկրոթաղամասի /Թումանյան փողոց/ եւ Գագարին գյուղի /Գայի փողոց/ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների իրականացում» եւ «Սևան քաղաքի Չարենց փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում /Չարենց-Շահումյան խաչմերուկից մինչև Չարենց-Ելենովկա խաչմերուկ/» ծրագրերն արժանացել են հավանության, որին հաջորդել է ծրագրային փաթեթների ներկայացումը: Սուբվենցիոն տնտեսական ուղղվածության յուրաքանչյուր ծրագրերի իրականացման համար համայնքային ներդրումը 40 տոկոս է, կառավարության ներդրումը` 60 տոկոս: Սեւան քաղաքի Թումանյան փողոցն ընդգրկում է 6853 քառակուսի մետր, երկարությունը` 979 գծամետր, միջին լայնությունը` 7մետր:

Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատում կատարել 4282քառակուսի մետրի վրա: Գագարին գյուղի Գայի փողոցը ընդգրկում է 10735քառակուսի մետր, երկարությունը` 1130 գծամետր, միջին լայնությունը` 9.5 մետր: Ներկայացվող ծրագրով նախատեսված է փողոցի 2460 քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքների իրականացում: Չարենց փողոցի 9225քմ հատվածը 2 փուլով ասֆալտապատվել է 2018թ-ին` համայնքային բյուջեի միջոցներով եւ համայնքին տնտեսական ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Փողոցի մյուս տեղամասը` Չարենց-Շահումյան փողոցների խաչմերուկից մինչեւ Չարենց-Ելենովկա փողոցների խաչմերուկ ընկած հատվածը` 4824քմ., ասֆալտապատելու համար ներկայացվել էր հայտ: Երեք փողոցներն էլ գտնվում են քաղաքի բանուկ մասերում, եւ փողոցների տեխնիկական վիճակն անմխիթար է, որն ունի տասնամյակների վաղեմություն: Մայիսի 22-ին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվել եւ հավանության են արժանացել Սեւան համայնքի կողմից ներկայացված երկու հայտերն էլ: Մեկ-երկու ամիս անց համայնքային առաջնահերթություն ներկայացնող երեք փողոցներն էլ կունենան հիմնանորոգված ու նորացված տեսք»,-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս