
Շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային

Տեխնիկական կենտրոն-ֆուտբոլային ակադեմիայի շենքում 2019 թվականի հունիսի 4-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային:
450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի “Lowe Martin Group” տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Նամականիշի վրա պատկերված է հայ անվանի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով: Հ. Մխիթարյանի դիմանկարը կատարված է համակարգչային գրաֆիկայի եղանակով:
Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: