Թրամփը թագուհու մոտ տրված ճաշկերույթին. «հավերժ բարեկամություն»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ շարունակում է առաջին պետական այցը Մեծ Բրիտանիա: Նրա այցի առաջին օրն ավարտվել է Բուքինգհեմի պալատում նրա ապատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելությամբ, տեղեկացնում է BBC-ին:
Միացյալ Նահանգների նախագահը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ «հավերժ բարեկամությունը», իսկ Եղիսաբեթ Բ թագուհին ասել է, որ երկրները տոնում են դաշինքը, որն ապահովեց «մեր երկու ժողովուրդների անվտագությունն ու բարգավաճումը տասնամյակների ընթացքում»:
Թրամփը ճաշկերույթին խոսել է բրիտանացի ժողովրդի արիության մասին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ թագուհուն անվանել է «մեծ, մեծ կին»:
«Մենք պահպանում ենք նվիրվածությունն այն արժեքներին, որոնք մեզ դեռ երկար կմիավորեն. ազատություն, ինքնիշխանություն, ինքնորոշում, օրենքի գերակայություն»,- հավելել է նախագահ Թրամփը:
Հանդիսավոր ընդունելությանը ներկա էին թագավորական ընտանիքի անդամները, այդ թվում՝ արքայազն Ուիլյամը եւ Քեմբրիջի դքսուհի Քեյթը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ նրա կառավարության անդամները:
Եղիսաբեթ Բ թագուհին իր ճառում խոսել է Երկրորդ աշխարհամարտի եւ երկու երկրների միջեւ համագործակցության մասին:
Նախագահ Թրամփի այցը տեղի է ունենում Նորմանդիա դաշնակիցների ափհանման 75-րդ տարեդարձին, եւ ԱՄՆ-ի նախագահն այցի ընթացքում կմասնակցի այդ առթիվ կայանալիք հանդիսությանը: