«Ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունից ի վեր չափազանց էական զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի կյանքում». Զոհրաբ Մնացականյան
Կիպրոսի Հայոց առաջնորդարանում հունիսի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կիպրոսի թեմի կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճեանի, կիպրահայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի և կիպրահայ կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:
Ողջունելով նախարար Մնացականյանին՝ Տ. Խորէն արք. Տողրամաճեանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է բաց զրույց ծավալելու ինչպես Հայաստանին առնչվող զարգացումների, այնպես էլ՝ Սփյուռքին հուզող հարցերի շուրջ։
Իր խոսքում նախարար Մնացականյանը բարձր գնահատեց կիպրահայ համայնքում գործող կրթական և հոգևոր կառույցների ունեցած անգնահատելի դերը ազգային ինքնության պահպանման և հայ-կիպրական դարավոր բարեկամության ամրապնդման գործում և հույս հայտնեց, որ համայնքի ներուժի լիարժեք օգտագործումը հնարավորություն կընձեռի առավել խորացնելու և հարստացնելու Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական օրակարգը:
«Կիպրոսի հետ հարաբերությունների հիմքում շատ ավելի խորքային իմաստ կա. սա քաղաքակրթություններ ներկայացնող ժողովուրդների բարեկամություն է, որոնք շատ լավ հիշողություն, պատմության շատ խորը զգացում ունեն, և այդ քաղաքակրթական հիմքերի վրա է կառուցված բարեկամությունը», – նշեց ԱԳ նախարարը:
ԱԳ նախարարն այս հարաբերություններում առանձնահատուկ ընդգծեց Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը: «Մեր դեպքում Սփյուռքը ոչ թե մարդկանց խումբ է, որոնք տարին մեկ անգամ հավաքվում են սուրճ խմելու, այլ սա ինստիտուցիոնալ հիմքեր պարունակող մարմին է: Հարցն այն չէ, թե որքան է կազմում Կիպրոսի հայ համայնքի թվաքանակը, հարցն այն է, որ դուք ներկայացված եք ինստիտուցիոնալ կառուցվածքային խորը հիմքերով, որոնք ուղղված են պահպանելու այն, ինչ մեզ համար շատ կարևոր է՝ մեր ազգային ինքնությունը»,-ասել է նա:
Ներկայացնելով իր այցի նպատակները և հունիսի 4-ին կայանալիք եռակողմ ձևաչափով առաջին հանդիպման օրակարգը և այդ ձևաչափով համագործակցության հեռանկարները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց. «Իմ այցի նպատակն է հիմք դնելու նոր՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությանը, որը բավական խոստումնալից է և բավական ներուժ ունի»:
«Մենք շատ խոստումնալից օրակարգ ունենք նորարությունների, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության բնագավառներում, որտեղ առաջարկում ենք ընդլայնել համագործակցության շրջանակները: Եվ հուսով եմ, որ այս պահից սկսած կարող ենք ընդլայնել ոլորտային համագործակցությունը»:
Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին:
«Ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունից ի վեր չափազանց էական զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի կյանքում: Մենք անդրադարձանք մեր կուտակված ներքին խնդիրներին, մենք ի ցույց դրեցինք պետության, պետական-հասարակական ինստիտուտների կարողությունը, ուժը: Հասարակության ընդվզումը, որը բերեց թավշյա խաղաղ, ոչ բռնի հեղափոխության, չքայքայեց պետության հիմքերը, այլ միայն նպաստեց դրանց ամրապնդմանը: Մենք 27 տարի շարունակ կառուցել ենք երկիր, որը ես կկոչեմ եվրոպական մոդելի երկիր: 1991թ. ի վեր մենք ընտրեցինք պետության կառուցման այդ ուղղությունը, որի հիմքում դրված են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ազատությունը»,- նշեց ԱԳ նախարարը:
Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը պատասխանեց Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին, տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում:
Այնուհետև ԱԳ նախարարը շրջայց կատարեց Սուրբ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցում: