«Շնորհակալ եմ, որ հորս հիշատակը վառ եք պահում». Հենրիխ Մխիթարյան
Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում վերաբացվեց 1980-ականներին կառուցված ֆուտբոլի մարզադաշտը: Վերակառուցված մարզադաշտը կկրի Հայաստանի հավաքականի ավագ` Հենրիխ Մխիթարյանի հոր` «Արարատ» ֆուտբոլային թիմի հարձակվող Համլետ Մխիթարյանի անունը: Սպանդարյան համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այդ որոշումը կայացրել է համայնքի ավագանին, իսկ նոր մարզադաշտ ունենալու ծրագրի իրականացմանն աջակցել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Աշխատանքները սկսել են իրականացվել 2016 թվականից: Ներդրվել է շուրջ 37 միլիոն դրամ: Սպանդարյանը լավ թիմ է ունեցել, կոչվել է «Սիփան»: Թիմը խաղերին մասնակցել է մինչև 1995թ.-ը: Հիմա նորից ենք սկսում ու հույս ունենք, որ մեր օրինակը վարակիչ կդառնա մյուս համայնքների համար»,- ասաց համայնքապետը:
Հենրիխ Մխիթարյանի ժամանելուն ներկաները մեծ ոգևորությամբ էին սպասում, բոլոր երեխաները նրան դիմավորեցին «Հենո, Հենո» վանկարկումով:
Մարզադաշտի բացման արարողությանը ներկա էին համայնքի բնակիչները, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզի թեմակալ առաջնորդ Հայր Նարեկ Ավագյանը, Հայաստանի հավաքականի ավագ, «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, մայրը՝ Մարինա Թաշչյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Շնորհակալ եմ, որ հորս հիշատակը վառ եք պահում, և այս պահին էմոցիաներս շատ են, հուզված եմ: Հույս ունեմ, որ այստեղ հետաքրքիր ֆուտբոլային հանդիպումներ կլինեն և շատ ֆուտբոլիստներ դուրս կգան»,- իր ելույթում նշեց Հ. Մխիթարյանը:
Միջոցառմանը հաջորդեց ֆուտբոլային հանդիպում տեղի՝ «Սիփան» ակումբի և Հայաստանի մարզական լրագրողների հավաքականի միջև:
Զարուհի Դիլանյան