«Արարատում ծիրանի սորտ գտանք, որն օգոստոսին նոր սկսում է բերք տալ». Հրաչ Բերբերյան
ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը կարևորում է տեղական սերմնաբուծարանների առկայությունը, որոնք կառաջարկեն հայրենական արտադրության սերմեր:
«Սա է ճանապարհը. Ներկրելով՝ մենք հաջողության չենք հասնի, որովհետև միգուցե այն, ասենք, Կրասնոդարի երկրամասում հիանալի արդյունք է տալիս, բայց հողը և ջուրը խիստ տարբեր են և կարող են բոլորովին այլ արդյունք ստանալ: Մենք «Արենի» տեսակի խաղողն ուղարկել էինք Իտալիա, լրիվ ուրիշ խաղող էին ստացել, ոչ համային, ոչ որակային առումով մեր հետ կապ չուներ, այսինքն, նշանակում է, որ հողը, ջուրը, արևը որոշիչ նշանակություն ունեն համի, որակական հատկությունների վրա: Դրա համար պետք է տեղական արտադրությունը զարգացնենք, սերմնաբուծարաններում ինտենսիվ աշխատենք և առնվազն առաջիկա երեք տարում պետք է սկսենք հայրենական սերմնաբուծությունից օգտվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Բագրատյանը:
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանի կարծիքով էլ՝ որպեսզի բջիջից ստանանք առողջ պալարիկ, մեզ առնվազն 80 տարի է պետք:
«Սերմնաբուծության առումով աշխարհում առաջին տեղում Հոլանդիան է: Բերել ենք, փորձել ենք: Գիտությունների ազգային ակադեմիային տվեցինք, տեսանք՝ փչացրին այդ միկրոպալարիկները: 5000 հատ բերել էի: Կան բարդ և պարզ հիբրիդներ: Վերջինները ստացվում են փոշոտման ճանապարհով, ավելի կայուն են, իսկ բարդ հիբրիդները շուտ այլասերվում են, որովհետև հիմնական գենը տրոհվում է, և ինքը վերածվում է իր սկզբնական տեսքին: Այնպես որ, սերմնաբուծության համար լուրջ պետք է զբաղվել, միլիարդանոց կազմակերպություններ լուրջ գիտական աշխատանք են տանում: Հայաստանում գիտնականները կարող են զբաղվել պարզ սելեկցիայով: Կարելի է այս գիտությունն առաջ տանել, ինչպես նաև՝ պտղաբուծությունը: Մենք պատահական երկու տարի առաջ ծիրանի սորտ գտաք Արարատում, որն օգոստոսին նոր սկսեց բերք տալ: Սա կարո՞ղ ենք բազմացնել ու ծիրանի բերքատվության ժամկետը երկարաձգել, իհարկե կարող ենք»,- նշեց Հրաչ Բերբերյանը:
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավարը խոսեց նաև «Հաղթանակ» խաղողի սորտի մասին, որը գտել են սարի գլխին:
«Հաղթանակը» նոր սերնդի հայկական սորտ է, Vitis Vinifera եվրոպական խաղողի մանրակրկիտ սելեկցիայի արդյունք: Ուշ բերքահավաքն ապահովում է իդեալական հատկանիշներ հնեցման մեծ պոտենցիալ ունեցող գինու արտադրման համար: Բայց «Հաղթանակի» վատն այն է, որ շուտ է այլասերվում: Երեք տարի բարձր բերքատվությունից հետո չորրորդ տարում ողկույզները սկսում են նոսրանալ, այսինքն՝ բերքի կորուստ ենք ունենում, թե չէ շատ բարձր բերքատու սորտ է»,- հավելեց Հրաչ Բերբերյանը:
Անի Կարապետյան