Նուր-Սուլթանում չստացվեց. Կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում

Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն վերջինս, վկայակոչելով ժամանակի սղությունը, մերժել է՝ Նիկոլ Փաշինյանին հրավիրելով մասնակցել հունիսի 6-8-ը կայանալիք Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ) ու այնտեղ քննարկել երկկողմ հարաբերություններին վերաբերող բոլոր հետաքրքրող հարցերը։

Բավականին ոչ միանշանակ իրավիճակ է ստացվում, և բազմաթիվ հարցեր են առաջանում։ Ի՞նչ է այնուամենայնիվ տեղի ունեցել Ղազախստանի այցի ընթացքում, և ինչո՞ւ տեղի չի ունեցել Փաշինյան-Պուտին՝ մինչ այդ նախատեսված հանդիպումը։

Երեկ Ղազախստանի այցից իրարամերժ տեղեկություններ տարածվեցին որոշ ԶԼՄ-ներում և սոցցանցում։ Ըստ այդ հրապարակումների՝ Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո իբրև թե վարչապետ Փաշինյանը կտրուկ որոշել է չեղարկել օրակարգում նախատեսված մյուս հանդիպումները, այդ թվում՝ հայ համայնքի գործարարների հետ, և վերադառնալ Երևան: Ավելին, ասվում էր, թե վարչապետը նույնիսկ հրաժարվել է մասնակցել ի պատիվ ԵԱՏՄ անդամ պետությունների պատվիրակությունների նախատեսված պաշտոնական ճաշին: Վարչապետ Փաշինյանի հանկարծակի որոշման հիմքում ԶԼՄ-ներն ակնարկել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասված, բայց այդպես էլ չկայացած հանդիպումը:

Մեզ հետ զրույցում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, սակայն, երեկ հերքել էր այդ տեղեկությունները՝ ընդգծելով, որ օրակարգում նախատեսված բոլոր միջոցառումներին մասնակից է եղել և վարչապետը, և Հայաստանի պատվիրակությունը, այդ թվում՝ պաշտոնական ճաշին:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չկայացած հանդիպմանն ու դրան հետևած վարչապետի «դիսկոմֆորտին», Վլադիմիր Կարապետյանը նշել էր, որ հանդիպում ՌԴ նախագահի հետ չէր էլ ակնկալվում:

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, որոշել է մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին, քանզի ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե՝ «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»:

Երեկ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Պուտին-Փաշինյան չկայացած հանդիպմանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Չեմ պատրաստվում չարախնդալ Ղազախստանի մայրաքաղաքում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև այդպես էլ չկայացած հանդիպման առիթով: Վերջիվերջո, մեր ռազմավարական գործընկեր պետության հետ օրեցօր կուտակվող և երևացող խնդիրներն անհանգստացնում են նաև ինձ: Սակայն նյարդայնացնում է հայ ժողովրդին մոլորության մեջ գցելու, կներեք՝ «էշի տեղ» դնելու, այս իշխանությունների մանկամիտ գործելաոճը:

Հիշեցնեմ իրենց, որ դեռևս մայիսի 17-ին, ռուս լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր, թե մինչև հունիսի վերջ պատրաստվում է երկու անգամ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, առաջին անգամ` Ղազախստանում մայիսի 29-ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովի ժամանակ, իսկ դրանից հետո մտադիր է մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ միջազգային տնտեսական համաժողով կանցկացվի, և հույս ունի, որ այնտեղ կրկին կհանդիպի Ռուսաստանի առաջնորդին։

Իսկ Ռուսաստանի խորհրդարանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մայիսի 29-ին Նուր-սուլթանում նախատեսված են Փաշինյան-Պուտին երկկողմ բանակցություններ։

Հա, ասել եմ, էլի կրկնում եմ. տղերք, խոսելուց առաջ մշտապես հիշեք, որ «գյուղից մարդ կա»»:

Տեսանյութեր

Լրահոս