«Մեր փողոցներում տանկեր չկան, բայց մի՛ կասկածեք. մենք տեսնում ենք հարձակում օրենքի գերիշխանության սկզբունքի և մեր ժողովրդավարության գլխավոր հիմքերի վրա». Հիլարի Քլինթոնը մեղադրել է Թրամփին
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մեղադրել է օրենքների եւ ժողովրդավարության խախտման մեջ։
«Մեր փողոցներում տանկեր չկան, բայց մի՛ կասկածեք. մենք տեսնում ենք հարձակում օրենքի գերիշխանության սկզբունքի եւ մեր ժողովրդավարության գլխավոր հիմքերի վրա»,- հայտարարել է Քլինթոնը՝ ելույթ ունենալով Նյու Յորքի Հանթերյան քոլեջի ավարտական արարողությանը, որը հեռարձակվում էր սոցիալական ցանցերում:
Քլինթոնը, որը 2016 թվականին Թրամփին տանուլ տվեց նախագահական աթոռի համար պայքարը, վերստին նրան մեղադրել է այն բանում, որ նա չի խոչընդոտել Ռուսաստանին վերագրվող «ընտրությունների միջամտությանը»: Նրա խոսքով՝ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հավաստել է նման միջամտության վտանգն ապագայում: Մյուլլերը մայիսի 29-ին հավաստել է ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մեղադրանքները Ռուսաստանի հասցերին, որոնք Մոսկվան ժխտում է:
Հայտարարելով լիազորությունները վայր դնելու մասին՝ Մյուլլերն ընդգծել է, որ եթե իր խումբը լիովին համոզված լիներ, որ նախագահն արդարադատությանը խոչընդոտելու հանցագործություններ չի կատարել, ապա դա գրված կլիներ զեկույցում: Ըստ որում Մյուլլերը նշել է, որ, Սահմանադրությանը համապատասխան, ինքը չէր կարող հանցագործության մեղադրանքներ առաջադրել գործող նախագահին:
Կոնգրեսում դեմոկրատները դրանից հետո հայտարարել են, որ չեն բացառում Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգ սկսել նրա դեմ «երկաթե» ապացույցների առկայության դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: