«ՏԱՑ-ն իմպերատիվ չէ. այն չի կարող արտացոլել տնտեսության զարգացումը». Վարդան Բոստանջյան
2019թ. հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 7% տնտեսական ակտիվություն:
«Տնտեսական ակտիվությունը, սակայն, չի փաստում տնտեսական զարգացման մասին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
Նա նկատեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը տնտեսությունը բնութագրող ցուցանիշ չէ և չի կարող արտացոլել իրական վիճակը.
«ՏԱՑ-ը համախառն նոր արդյունքի ստեղծում ցույց չի տալիս. Օրինակ՝ եթե բանվորները մի տեղ փոս են փորում, ղեկավարը գալիս, ասում է՝ գնացեք մյուս տեղում փորեք, դրանից տնտեսական ակտիվությունը մեծանում է, բայց այն չի կարող արտացոլել տնտեսության զարգացումը»։
Ըստ տնտեսագետի՝ տնտեսական իմպերատիվ ցուցանիշը համախառն ներքին արդյունքն է. «Համախառն ներքին արդյունքի աճը, այն էլ՝ որակական առումով։ Իսկ որակական առումով՝ դրա մեջ մտնում է արդյունաբերությունը, տեխնոլոգիան, գյուղատնտեսությունը և հետո մյուս ոլորտները։ Բոլոր դեպքերում մեզ մոտ հիմա գերակայում է ծառայությունների ոլորտը, մինչդեռ արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-ապրիլին նվազել է՝ ըստ վիճակագրական տվյալների»։
Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն՝ 2019թ. հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4,5%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 8%-ով: Առևտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 9,8%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առևտրի՝ 17%-ով:
Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հունվար-ապրիլին աճել է 1,7%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0,4%-ով: 2019թ. հունվար-ապրիլին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 6,2%-ի չափով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-ապրիլին նվազել է 4,2%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 8,6%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 1,9%-ով:
Զարուհի Դիլանյան