«Վենետիկի հանձաժողովից ստացված նամակը շուտով կհրապարակվի «Արմենպրեսում». Վլադիմիր Կարապետյան

«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ հերքելով տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից:

Նա հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը Վենետիկի հանձնաժողովից նամակ ստացել է։ Սակայն, ըստ նրա, այն քննադատական չէ. «Վենետիկի հանձնաժողովի նախագահը համաձայնել է մեր այն գնահատականի հետ, որ արդարադատության համակարգը չի վայելում ժողովրդի վստահությունը, նաև պատրաստակամություն է հայտնել օժանդակել այն բարեփոխումներին, որ ծրագրում է իշխանությունը։ Եվ ինչպես իշխանությունը, այնպես էլ Վենետիկի հանձնաժողովը, համարում է, որ բարեփոխումները պետք է իրագործվեն Սահմանադրության, նաև մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում»։

Վ.Կարապետյանը հավելեց, որ Վենետիկի հանձաժողովից ստացված նամակը շուտով կհրապարակվի «Արմենպրեսում»։

Հիշեցնենք, որ 168.am-ի աղբյուրների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից: Հանձնաժողովը դատապարտել է Փաշինյանի կոչի արդյունքում դատարանների մուտքերն արգելափակելու փաստը և իշխանական պատգամավորների անմիջական ներգրավվածությունը կատարվածում:

Կարդացեք նաև

Վենետիկի հանձնաժողովը վարչապետի և նրա թիմի գործողությունները պայմանավորել է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ, բայց հակակոռուպցիոն պայքարի անվան տակ քողարկած: Հանձնաժողովն ուսումնասիրել է ՀՀ վարչապետի և իշխանության ներկայացուցիչների՝ այդ օրերին արած բոլոր հայտարարությունները, ինչն էլ հիմք է հանդիսացել գնահատականն ամբողջացնելու համար:

Մեր տեղեկություններով՝ Հայաստանի կառավարությունը խիստ անհանգստացած է Վենետիկի հանձնաժողովի այս գնահատականով:

Ըստ մեր աղբյուրի, անկախ Փաշինյանի թիմի ջանքերից, Վենետիկի հանձնաժողովը պատրաստվում է մոտ ժամանակներում հայտարարությամբ հանդես գալ  և համապատասխան գրություններ ուղարկել միջազգային մի շարք կառույցների:

Տեսանյութեր

Լրահոս