«Չեմ կարողանում հասկանալ՝ Կառավարությունն ուզո՞ւմ է խնդիրը լուծել, թե՞ ոչ». պահեստազորի սպա
2018թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը որոշեց 1141 զորացրված սպաներից յուրաքանչյուրին տալ միջինը 5 մլն դրամի վկայագիր, որը պետք է օգտագործվի բնակտարածք գնելու համար։ Դրա համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ–ին հատկացվելու է 5 մլրդ 705 մլն դրամ։ Տեղեկացնենք, որ Կառավարության 2007թ․ 384 Ն որոշման համաձայն՝ պետությունը զինծառայողներին պարտավոր է ապահովել «կամ անհատույց օգտագործման, կամ սեփականության իրավունքով բնակարաններով, կամ տնամերձ հողամասով բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսավորումով»։
«50-ի ավելի առաջարկություններ ենք արել, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձրել դրանց: Փետրվար-մարտ ամիսներին խոսել եմ վարչապետի օգնականի հետ, որպեսզի փոխանցի, որ իրեն ճիշտ չեն զեկուցում: Այսօրվա դրությամբ 4000 հերթագրված սպա կա, որից մոտ 1200-ը՝ զինթոշակառու: Որոշումն այնպես է գրած, որ և՛ զինծառայողին է վերաբերում, և՛ զինթոշակառուին, բայց առաջնահերթությունը տալիս են զինթոշակառուին:
Այսօր այդ 3000 զինծառայողներից 1500 հոգին 20 տարի ծառայել է, ցանկացած պահի կարող է ստորագրել, դուրս գալ ծառայությունից ու գալ-ընկնել այս որոշման մեջ: Ու որ եկավ՝ իրենց տրամադրած 5 մլրդ 705 մլն դրամը չի բավականացնելու անգամ միայն մարզերի դեպքում: Որոշման մեջ ևս մեկ խնդիր կա. տալիս են վկայական՝ 12 ամիս ժամկետով, դրանից հետո, եթե չես կարողանում բնակարան ձեռք բերել, վկայականը դառնում է զրո, ու դու մնում ես կրկին հերթի մեջ, բայց գրված չէ, թե ինչքան: Չեմ կարողանում հասկանալ՝ Կառավարությունն ուզո՞ւմ է խնդիրը լուծել, թե՞ ոչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց պահեստազորի սպա Կարեն Հակոբյանը:
«Ես ոչ ոքի թույլ չեմ տա, որ Հայոց բանակի մասին հեգնանքով խոսեն՝ Հյուսիսային պողոտա, Երրորդ մաս, բնակարան, այս կողմ, այն կողմ… Թող ականջներին օղ անեն՝ զինվորը, սպան Հայոց աշխարհի անվտանգության երաշխիքն է, կապ չունի՝ պահեստազորում է, թե բանակում: Վաղը որ պատերազմ եղավ՝ դուք եք փախչելու ձեր Հյուսիային պողոտա ու Երրորդ մասերի պադվալ: Այսօր ոչ մի սպա իր պարտականությունը 50 տոկոսով չի կատարել: Ինչ վերաբերում է մարզերին ու գյուղական համայնքներին, ապա թող այս գումարը վերցնեն, մտնեն ցանկացած գյուղ, մեկ սենյականոց բնակարան գնեն ու հատկացնեն զինծառայողին: Եկեք գնանք ցանկացած գյուղ, ասենք՝ մեկ սենյականոց բնակարան եմ ուզում, ձեռքս էլ 3 միլիոն դրամ է, նման տուն չկա:
Ի՞նչ պետք է առնեն, գո՞մ: Ես վարչապետին էլ եմ առաջարկել՝ այսօր ՊՆ-ն իր բալանսում ունի հողեր, անգամ շինություններ կան, մեջն ընդամենը կոսմետիկ վերանորոգում պետք է արվի, բայց նա բացասական պատասխան է տվել, ասել եմ նաև այն, որ թող իրենք հողեր հատկացնեն, շինարարին բերեն, եկամտահարկը հանեն:
Այսօր Երևանում եթե հողը հատկացված է, քառակուսին կազմում է 250 դոլար: Այս դեպքում իրենց տված 50 տոկոսից էլ քիչ գումար է կազմելու, երբ իմ բնակարանը սարքեն: Ճիշտ է, մեր մեջ կան մարդիկ, ովքեր բնակարանի խնդիր չունեն, բայց հերթի մեջ են: Ինձ տվեք իմ բնակարանը կամ համարժեք գումար»,- նշեց պահեստազորի սպան:
Հիշեցնենք, որ Կառավարության մայիսի 10-ի նիստում ընդունվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ներկայացրած որոշման նախագիծը, որով կարգավորվում է զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման շրջանակներում երկարամյա զինվորական ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակած նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության հատկացման ընթացակարգը և չափերը:
Նախարարն ասաց, որ այդ նպատակով այս տարվա դեկտեմբերին հատկացվել է 5 միլիարդ 705 միլիոն դրամ գումար: «Ֆինանսական աջակցությունը հատկացվելու է հետևյալ չափերով` Երևանի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը 50 տոկոսը, համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը, Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաև Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուխի, Տավուշի մարզի Այրումի և Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90%-ը»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ցանկանում է հասկանալ, թե մարզերում ի՞նչ սկզբունքով են բնակարան տալիս: «Մենք պայմանավորվել ենք, որ մարզերի ժողովրդի բնակարանային կարիքները պետք է հոգանք: Մենք համոզված ենք, որ այդ գումարով կարողանալու ենք»,- ասաց նա:
Վարչապետն ասաց, որ Կադաստրի կոմիտեից տեղեկանք է ուզել ու համոզվել, որ մարզերում կարողանալու են ժողովրդի կարիքները 100 տոկոսով բավարարել: Ամեն դեպքում՝ վարչապետը նշեց, որ ցանկանում է մեկնաբանություն անել այս թեմայի շուրջ ծագած որոշակի բողոքների վերաբերյալ:
«Մեր երկրում երբեմն հետաքրքիր տրամաբանություն է գործում: Ենթադրենք՝ մի հարց տասնյակ տարիներով մեռյալ կետում է՝ ոչ մեկը դրա մասին ո՛չ հիշում է, ո՛չ մտածում է, ու բոլորը, ոնց որ թե, նորմալ են: Երբ կամք է ցուցաբերվում, ու խնդիրը լուծվում է, և թեկուզ կեսի խնդիրը 100 տոկոսով լուծում են, բողոքներ են ի հայտ գալիս, թե՝ ի՞նչ ենք անում: Սա ինձ համար անհասկանալի տրամաբանություն է: Հիմա ասում ենք, որ մարզերի ժողովրդի հարցը մենք լուծում ենք, Երևանում էլ առաջարկում ենք տարբերակ: Եթե տարբերակը ձեզ ձեռնտու է, խնդրե՛մ, օգտվեք այդ տարբերակից, եթե ոչ՝ էդ ո՞նց է, որ տասը տարի սպասել եք, հիմա մի ամիս, մի շաբաթ չեք կարող սպասել»,-ասաց վարչապետը և նշեց, որ տպավորություն ունի, թե ընդդիմությունը, հ/կ-ներն ասում են՝ մի լուծեք այդ հարցը, թող ոչ մեկի հարցը չլուծվի:
Փաշինյանի խոսքով՝ մարդ կա, ով չի ուզում Երևանում ապրել, ուզում է Արթիկում ապրել. «Ասում է՝ տվեք իմ գումարը, ես գնամ ապրեմ: Ինչի՞ մենք էդ մարդուն պիտի ասենք՝ չէ, բայց կարող է լինեն մարդիկ, ովքեր ասեն՝ ես ուզում եմ Հյուսիսային պողոտայում տուն ունենամ»:
Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ զինծառայողների իրավունքն է, թե որտեղ է ուզում բնակարան ձեռք բերել, բայց գումար ստանալու են այն չափով, որը նախատեսվել է իր մշտական բնակության վայրին համապատասխան:
Անի Կարապետյան