«Ես խնդրում եմ՝ առողջապահական դիմումների հարցերով դիմել առողջապահության նախարարություն». Աննա Հակոբյան
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ասուլիս տվեց՝ նվիրված ԱՄՆ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցի արդյունքներին։
«Հրապարակ» օրաթերթի հարցը՝ Աննա Հակոբյանին։
– Իհարկե, չեք ուզում այդ թեմային անդրադառնալ, բայց գործընկերոջս հարցը մի փոքր զարգացնելով՝ այդուհանդերձ ինչո՞ւ են այդ թեման շատ շահարկում կամ քննարկում, թե ովքեր են նվիրատուները, որովհետև ամեն դեպքում՝ մերժվել են այդ մարդիկ՝ Ալեքսանյանը, մյուսները, նախկին իշխանության օլիգարխները ձեր իշխանության կողմից, և ասում են, որ նաև այդ նվիրատվություններն իրենց մեջ, ենթատեքստում որոշակի ինդուլգենցիա են պարունակում նրանց հավանական մեղքերի թողության համար, նախկին կամ ապագայում գործելիք։ Դրա համար էլ քննադատում են, ինչպես եղավ, որ նրանք որոշեցին հանկարծ Ձեզ, հիմնադրամին նվիրատվություն անել։ Սրան, խնդրում եմ, արձագանքեք այդ ինդուլգենցիայի մասով, և մի բան էլ. Ֆեյսբուքում օրեր առաջ քննադատական նյութեր տարածվեցին, նույնիսկ սքրինշոթեր, որ դիմել են Ձեզ, Ձեր հիմնադրամին՝ մի քաղաքացու բուժման համար, և Դուք պաշտոնական գրություն եք ուղարկել, որ մենք չենք կարող օգնել, դիմեք «Ծառուկյան» հիմնադրամին։ Ի՞նչ պատմություն էր սա, ինչո՞ւ չեք օգնել, ինչո՞ւ եք այդպես պատասխանել։
– Առաջին հարցի հետ կապված… Լավ, որպեսզի շատ չխորանանք, եկեք սպասենք իրադարձությունների զարգացմանը, եկեք տեսնենք, թե հիմնադրամին նվիրատվություն արած տարբեր մարդիկ տարբեր իրավիճակներում ինչ կստանան, ինչից կազատվեն, ինչից չեն ազատվի։ Չեմ ուզում համոզել որևէ մեկի, ուղղակի ասում եմ։ Եթե խոսքը արժեք ունի, եթե վստահության որևէ նշույլ կա, ես ասում եմ, որ դա կապ չունի, Ձեր ասածը իրականության հետ չի կարող կապ ունենալ, երբևէ չի եղել և չի կարող լինել նման բան։ …Մենք ասում ենք, մենք անում ենք էս աշխատանքը, բաց ենք բոլորի առաջ և չենք ուզում ինչ-որ մարդկանց ասել՝ դուք ինչ-որ մեկի քիմքին այնքան էլ հաճելի չեք, դրա համար նվիրատվություն մի արեք, մեր գործին մի նպաստեք։ Բայց մենք բոլորին ենք կոչ անում նվիրատվություն անել։ Եթե մենք մտնենք այդպիսի քննարկումների մեջ ու տարանջատումներ անենք, թե ումից ենք ուզում նվիրատվոթյուն ստանալ…
Բայց պարզ չի՞, որ մենք բոլորից ենք ուզում ստանալ նվիրատվություն, բոլորին ենք համագործակցության ձեռք մեկնում, որովհետև հավատում ենք մեր ծրագրերին, հավանում ենք մեր ծրագրերը, գտնում ենք, որ այն, ինչ անում ենք, անում ենք՝ ի նպաստ մարդկանց, ի նպաստ Հայաստանի, և դրա համար մեզ համար ընտրություն չկա նվիրատուների միջև, քանի որ մենք վստահ ենք ինքներս մեր ներսում նրանում, ինչում դուք վստահ չեք, բայց կվստահանաք, անխոս, շատ կարճ ժամանակ անց։
Ինչ վերաբերում է այդ դիմումներին։ Այո, լինում է։ Բայց ես նախորդ ասուլիսին ասել եմ, խնդրել եմ մարդկանց առանձին առողջական խնդիրներով հիմնադրամին չդիմել։ Ես ներողություն եմ խնդրել, նորից եմ խնդրում, որ մենք չենք հասցնում այդ առանձին դիմումները հասցեագրել կամ արձագանքել այդ դիմումներին, որովհետև դրանք շատ մեծ թիվ են կազմում, շատ մեծ ռեսուրս են պահանջում։ Մենք չենք հոգում առանձին առողջական խնդիրներ, և նույնիսկ «ժպիտների քաղաք» հիմնադրամի շրջանակներում չենք հոգում առանձին հիվանդ մարդկանց արտասահման տանելու և բուժելու ծախսը, որովհետև եթե մենք դա անենք, մենք ուրիշ որևէ բանով չենք զբաղվի։
Այ, այդքան շատ դիմում ենք ստանում, և այդքան մեծ գումար է։ Մեկ հիվանդ երեխայի՝ արտասահման տանելը ու բուժումը հոգալը կարող է լինել մինչև 400 000 դոլար, 150 000 դոլար, 50… Շատ մեծ գումարներ են, ինչով մենք այստեղ 100 կամ 50 հոգու կարող ենք օգտել բուժվել։ Ըստ էության մենք ծանր ընտրության առաջ ենք կանգնած, բայց ընտրություն էլ չունենք։ Երբ որ մեր միջոցներն այնքան մեծ կլինեն, որ մեր անելիքները անելուց դուրս՝ հավելյալ բյուջե կունենանք, կսկսենք նաև մարդկանց այդ ճանապարհով օգնել։ Նման դիմումների մերժման պատճառը դա է։
Ես խնդրել եմ մարդկանց իրենց անհատական առողջական խնդիրների հարցով, փառք Աստծո, ունենք լավ առողջապահության նախարար, շատ ակտիվ աշխատող նախարար, և այնտեղ բարեփոխումները շատ արագ են տեղի ունենում… Ես խնդրում եմ կրկին մարդկանց՝ առողջապահական դիմումների հարցերով դիմել Առողջապահության նախարարություն։
Ինչո՞ւ ենք մենք տվյալ պարագայում այդ մասնավոր դեպքով ուղղորդել «Ծառուկյան» հիմնադրամ, մենք առաջին իսկ օրից ասել ենք, որ մեր հիմնադրամը ոչ միայն իր և շահառուի հարաբերություններ է սահմանել, այլ մենք փորձում ենք նաև դառնալ կամուրջ տարբեր կազմակերպությունների և հնարավորություններ ունեցողների և այդ հնարավորությունների կամ ռեսուրսի կարիքը ունեցողների միջև։
Եվ մենք՝ ոչ միայն այս դեպքում։ Շատ ժամանակ ունենում ենք նաև կրթաթոշակի դիմում, ինչքան կարողանում ենք, մենք ենք արձագանքում, չենք կարողանում, որևէ մեկին պարզապես չենք մերժում, առնվազն ցույց ենք տալիս այն ճանապարհները, որոնք իրենց կարող են օգնել ստանալ այդ գումարը՝ առողջապահության կամ կրթաթոշակի, ունենք այդպես բազա մենք հիմնադրամների։
Ավելի հեռահար նպատակն է՝ այդ հիմնադրամների քարտեզ ունենալ մեր կայքում, որպեսզի մարդիկ ուղղակի կապ ունենան իրար հետ, որպեսզի մարդիկ իմանան՝ ով, որտեղ, ինչ է անում, շահառուներն իմանան՝ ում ինչի համար դիմեն։ Այդ դաշտը շատ մեծ է, բայց կապ միմյանց նկատմամբ չունեն, և մենք փորձում ենք դա անել։ Առայժմ այդ պլատֆորմը չունենք էլեկտրոնային. Դա ժամանակ կխլի, բայց մենք մեր ռեսուրսը նաև օգտագործում ենք, կարողանում ենք կապ հանդիսանալ և մարդկանց ուղղորդել տարբեր հարցեր։
Ունենք հիմնադրամներ, ովքեր կրթական… օրինակ, HEBU-ն կրթաթոշակներ տրամադրելու ծրագիր ունի, «Ծառուկյան» հիմնադրամը առողջապահական հոգսեր հոգալու ծրագիր ունի, կան հիմնադրամներ, ովքեր սոցիալական ուղղվածությամբ են աշխատում, կան միջազգային կազմակերպություններ։ Մենք այդ բոլորի հետ հասցրել ենք արդեն ծանոթանալ, դաշտում ով ինչով է զբաղվում, և ով մեր շահառուն չէ, փորձում ենք օգնել, որ այնուամենայնիվ գտնեն իրենց լուծումները:
Մանրամասները՝ տեսանյութում։