Բաց նամակ Հայաստանում կրթության և մշակույթի հարցերի վերաբերյալ

Հեղինակ՝ Սերժ Ավետիքյան

Հայերը սիրում են արվեստը և կիրառում տարբեր ձևերով: Նրանք աշխարհին ասելու դեռ շատ բան ունեն իրենց մշակույթով, որը զարգացել է՝ Հայաստանում և սփյուռքում այլ մշակույթների հետ հարաբերվելով: Մշակութային փոխազդեցությունը, որտեղ էլ լինենք, անհերքելի հարստություն է բոլորի համար և աշխարհին բացվելու հնարավորություն:

Հայաստանի կառավարությունը որոշել է Կրթության և գիտության նախարարության հետ միավորել մշակույթի նախարարությունը: Մեկ նախարարությունում մշակույթը և կրթությունը միավորելու հարցը նոր չէ: Կառավարությունները հաճախ փորձում են ստեղծել մեկ մեծ նախարարություն՝ երիտասարդության կրթության բոլոր ոլորտները վերահսկելու նպատակով և երկրները, որոնք ունեն մշակույթի առանձին նախարարություն (օրինակ՝ Ֆրանսիան), շատ չեն: Իրականում, դա վատ բան չէ և թույլ կտա ավելի մեծ արդյունավետությամբ աշխատել և հասնել մասշտաբի էֆեկտի (ծախսերի կրճատման):

Այնուամենայիվ, մեկ նախարարության հարկի տակ կրթության ու մշակույթի ոլորտների միավորման արդյունքում ծախսերի կրճատման ապահովման հարցը վիճելի է: Որքան կարողացել եմ հասկանալ որոշ քննարկումներից՝ կրթությունն ու մշակույթը դիտարկվում են որպես փոխկապակցված ոլորտներ: Մշակութային կրթությունն ու կրթության մեջ արվեստի ներկայությունն, ընդհանուր առմամբ, կարող են շատ օգտակար լինել երիտասարդների կրթության, աշխարհի ու նրա բազմազանության նկատմամբ զգայուն ու բաց լինելու հարցերում: Սակայն կրթությունը, լինելով դոգմատիկ և ակադեմիական, չի կարող ձևավորել կամ կարգավորել մշակույթը, որը ձգտում է դուրս գալ սահմանափակումներից և գտնել արտահայտման ազատություն այնտեղ, ուր կարող է ունենալ փրկարար ու բարերար ազդեցություն:

Ներդրումային ջանքերն առաջնահերթորեն կրթության ոլորտին ուղղելու պարագայում էլ, իմ կարծիքով, ճիշտ չէ մշակույթի բյուջեն կրճատելը: Մշակույթն, իր ամբողջության մեջ, «ծանր արդյունաբերություն» է, հատկապես այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ այն պահպանվել է դարերի ավանդույթներով, և որտեղ յուրաքանչյուր երեխա ձգտում է սովորել երգել, որևէ երաժշտական գործիք նվագել, պարել, բեմում խաղալ, նկարել, բանաստեղծություններ գրել, ասմունքել և ինչու ոչ, երազել ռեժիսոր դառնալու մասին: Այս ավանդույթներն ու ձգտումները եկել են հեռվից և դիմացել ժամանակի փորձությանը և եթե այսօր աջակցություն չստանան, կարող են հետզհետե վերանալ, դրսևորվել ընդամենը սիրողական մակարդակում՝ մասնագիտիորեն զարգանալու փոխարեն:

Ներկայիս որոշումներն ինձ խոցելի և, հատկապես, ոչ հստակ են թվում: Դա կարող է լինել այն պատճառով, որ կտրվել են կապերը նոր ղեկավարների և արվեստի աշխարհի միջև, որը շարունակ ապրել ու զարգացել է՝ բնականաբար, ստիպված լինելով հաճախ գործարքի մեջ մտնել նախորդ կառավարությունների հետ: Այդպես է աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում: Ղեկավարները փոխվում են, արվեստի գործիչները մնում են ու շարունակում իրենց աշխատանքը նույնիսկ տարակարծության պայմաններում: Եթե ստիպված ես անվերապահորեն համաձայնել ամեն հաջորդող կառավարության կողմից վարվող քաղաքականության հետ, ապա միայն պրոպագանդա ես անում, ինչն այլևս ոչ թե արվեստի տիրույթում է, այլ՝ ստրկամտության: Դա տեսել ենք ոչ վաղ անցյալում՝ Հայաստանի անկախացումից առաջ, բայց այդ ժամակակ կար ըմբոստանալու ոգի, և խիզախ արվեստագետները կարողացան ստեղծել հետաքրքիր լեզու: Կարծես թե այսօր այդպես չէ, քանի որ դիմադրությունը, հնարավոր է, փոխել է ճամբարը: Բայց ինչպե՞ս կարելի է փոխել մտածելակերպը այսքան կարճ ժամանակահատվածում, ինչպե՞ս կարելի է նորից սովորել ազատվել այդ վարքագծից ու ժեստերից, երբ սովորել ենք ճարպկորեն հարմարվելուն, եթե չասենք՝ մեքենայություններին ու մշտական առուծախին:

Այս հարցը տրվում է հատկապես, երբ խոսքը գնում է թատրոնների, կինոթատրոնների, թանգարանների, արվեստի դպրոցների գործունեությանն ուղղված հանրային և մասնավոր ներդրումների մասին: Ճիշտ է, որ մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևան քաղաքում 16 պետական թատրոնների գոյությունը մշակութային մեծ, նույնիսկ շատ մեծ նվեր է ներկայիս իրավիճակում: Անշուշտ, նախընտրելի է քաղաքում ունենալ ավելի շատ թատրոններ, քան լյուքս խանութներ, բայց նաև պետք է, որ այդ մշակութային վայրերը լինեն կենսունակ և գրավիչ, իսկ տոմսերն էլ մատչելի լինեն առավելագույն թվով մարդկանց համար: Եթե միայն պետության կողմից ֆինանավորվող այդ թատրոնները, ամեն թատերաշրջանում շարունակեն պահել իրենց թատերախմբերն ու խաղացանկը, ծանր բեռ կլինեն, և հատկապես, ոչ այնքան հետաքրքիր, որքան թվում են՝ մրցակցության առումով: Ինչու՞ պետք է բոլոր թատրոններն ունենան մշտական դերասաններ, որոնք ի վերջո լավ չեն վաստակում, ինչու՞ պահել խաղացանկ, երբ կան բեմադրություններ, որոնք ներկայացնելով՝ կարելի է թատրոնները բազմազան դարձնել և ընդլայնել առաջարկը: Խոսքը թատերախմբերին մեկ օրում իրենց թատրոններից զրկելու, որբացնելու մասին չէ, այլ, մասնագիտական շրջանակներում խորհրդակցելով, հստակ ու օգտակար փոփոխություններ կատարելու:

Եթե պետությունը հոգում է թատրոնների շենքերի ծախսերը, ինչպես նաև տնօրենների և գեղարվեստական ղեկավարների աշխատավարձերը, վերջիններս կարող են առաջարկել նախագծեր ու ֆինանսավորման մեխանիզմներ ոչ միայն պետական բյուջեի (նոր ստեղծագործությունների աջակցության հանձնաժողովներ, որոնք ունենալով պետական ֆինանսավորում, կարող են աջակցել որոշ ստեղծագործողների), այլ նաև մասնավոր՝ մշակութային հիմնադրամների, անկախ պրոդյուսերների, մասնավոր ընկերությունների, բանկերի միջոցների հաշվին: Պարզ է դառնում, որ մրցակցությունը և ամեն մի նոր ներկայացման արժևորումն այլ կերպ կընկալվեն հանրության և ոլորտի պրոֆեսիոնալների կողմից: Դա դերասաններին հնարավորություն կտա աշխատել կոնկրետ պայմանագրերով, արժանապատիվ կյանքի համար համապատասխան գումար վաստակել և, միաժամանակ, ազատ լինել համագործակցելու երիտասարդ դրամատուրգների և բեմադրիչների հետ, որպեսզի վերջիններս ինքնադրսևորվեն և բացահայտվեն, բնականաբար, ոչ թե արագահաս հաջողության ակնկալիքով, այլ այն հույսով, որ հաջողության անիվն իրենց կողմը կպտտվի: Պետությունը չի կարող և պարտավոր չէ բոլոր ծախսերն իր վրա վերցնել, բայց կարող է աջակցել ու խրախուսել ստեղծագործողներին: Թատրոնները կարող են շահույթով աշխատել, եթե շրջագայություններ կազմակերպեն մարզերում, հարևան երկրներում և սփյուռքում: Դրա համար, ինչպես կինոյի դեպքում, ներկայացումները պետք է լինեն բարձրորակ և արտահանման առումով ներկայանալի: Անկախ պրոդյուսերները, ինչպես նաև թատերական ջրջագայություններ կազմակերպող գործակալությունները պետք է հնարավորություն ունենան իրենց գործով զբաղվել, պետական աջակցություն ստանալ ռիսկերի առկայության դեպքում:

Ես չեմ շոշափի կինոարտադրության վերակազմակերպմանն առնչվող հարցերը՝ իմանալով, որ դա ավելի ընգրկուն ու բարդ ոլորտ է: Պարզապես պետք է իրականության աչքերին նայել և արձանագրել, որ ներկայումս Հայաստանում ազգային կինեմատոգրաֆ չկա: Բացի այդ, քանի որ կինոսրահների շուկայի հնարավորությունները շատ համեստ են, պետական մակարդակով կինոյի շահութաբերություն կարող է չլինել կամ շատ քիչ լինել: Ավելի շատ պետք է մտածել այլ երկրների հետ համատեղ արտադրության մասին: Ես անկեղծորեն հավատում եմ, որ եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ, որպեսզի այս երկրում կինոարտադրությունը շահութաբեր լինի, դռները կբացվեն կինոյի ոլորտի պրոֆեսիոնալների, անկախ պրոդյուսերների, տեխնիկական մասնագետների, ինչպես նաև ռեժիսորների և դերասանների առջև՝ իրենց ճանապարհը վերագտնելու համար: Բայց այստեղ էլ անհրաժեշտ է, որ պետությունը պատշաճ բյուջե հատկացնի, որպեսզի համապատասխան կառույցները կարողանան աջակցել նախագծերի իրականացմանը:

Պահանջվում է ժամանակ ու համբերություն, բայց նաև անհրաժեշտ է քննարկել, բանակցել, վերլուծել նորերի հետ, նաև՝ հների, որոնք ունեն ստեղծագործական ու գործնական հարուստ փորձ, որի զգալի մասը կարող են փոխանցել: Անհրաժեշտ է Հայաստանում մշակույթը դիտարկել որպես առաջամարտիկ, որպես մեծ հարստություն՝ նրան տալով զարգանալու բոլոր հնարավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս