Բաժիններ՝

Աճո՞ւրդ է. Բագրատաշենի մաքսակետում գտնվող առևտրականները՝ 13 միլիոն տուգանք վճարելու մասին

«ԱԱԾ սահմանապահ զորքերը Բագրատաշենի մաքսատանն օրենքին համապատասխան միջոցառումներ են իրականացրել»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակին։

Նշենք, որ շաբաթ օրվանից՝ մայիսի 18-ից,  Բագրատաշենի մաքսակետում են գտնվում Թուրքիայից Հայաստան ապրանք բերող առևտրականները:

«ՀՀ համապատասխան օրենքով յուրաքանչյուր քաղաքացու թույլատրվում է իր հետ առանց մաքսազերծման Հայաստան բերել 25 կգ բեռ։ Մեր քաղաքացիները, որոնք Թուրքիայից պարբերաբար ապրանքներ են բերում, չեն ցանկանում մաքսազերծման համար նախատեսված գումարները վճարել։ Խոսքը 20 տոննայից ավելի ապրանքների մասին է, որը չեն ցանկացել մաքսազերծել։ Ընդ որում 20-ից ձևակերպված է եղել ընդամենը 3 տոննան, այն էլ՝ հագած հագուստներ, խողովակներ, որոնց համար չնչին մաքսատուրք է նախատեսվում»,- ասել է ԱԱԾ տնօրենը:

Նրա պնդմամբ՝ ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից որևէ խախտում չի եղել, հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների, փորձել են տպավորություն ստեղծել, որ ինքնավնասման փորձ կանեն, ինքնասպան կլինեն:

Արթուր Վանեցյանի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն տվյալներ ունի, որ Մաքսային ծառայության որոշ ծառայողների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ որոշակի գումարի դիմաց այդ ապրանքները տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ ԱԱԾ-ի կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է խախտումը և կասեցվել է բեռների անցումը։

«Մաքսային ծառայության աշխատակիցը, որը մեր կողմից կասկածվում էր կաշառք ստանալու մեջ, սովորեցրել է քաղաքացիներին աղմուկ բարձրացնել, ճանապարհ փակել, դիմել ծայրահեղ քայլերի»,- նշել է նա:

168.amի հետ զրույցում մաքսակետում գտնվող առևտրականներն ասացին, որ ԱԱԾ տնօրենի ասածի հետ համամիտ չեն:

«Մեքենան, որով որ բեռը բերել ենք, ունի փաստաթուղթ, այն մտել է երեք երկիր: Անհնար է առանց ստուգման այդ ամեն ինչն անել: Մեքենան հնարավորություն ունի 10 տոննա բեռ բերել, որի մեջ չի լցվել բեռն ամբողջությամբ: Հողաթափը, որը որ բերվել է, մենք հենց հիմա կարող ենք լցնել նույն բեռնատարը, ու կտեսնեք, որ 3.5 տոննա հողաթափն այս մեքենան լցնում է, որովհետև ծավալով մեծ տարածք է գրվում: Հիմա իրանք ստում են՝ ասելով, թե 20 տոննա բերել ենք, 3 տոննան ձևակերպել ենք՝ որպես հագած հագուստ: Բոլոր փաստաթղթերն իրենց մոտ է, հո քարկոծելով չէ՞: Ասեմ նաև, որ մայիսի 23-ին եկան հաղորդեցին, թե 14.000 եվրո պատրա՞ստ եք վճարել, պատասխանեցինք, որ՝ այո, մենակ թե դուրս գանք այստեղից: Հիմա 14.000 եվրոն ձեռքներս եկել ենք՝ չգիտենք, թե ինչեր են խոսում: Ես չեմ հասկանում՝ կարո՞ղ ա՝ դրամապանակ են գտել»,- մեզ հետ զրույցում ասացին առևտրականները:

Նրանք ժխտեցին նաև ԱԱԾ հաղորդագրության այն հատվածը, որտեղ ասվում է, որ խոշոր խմբաքանակներով բեռների մի մասը Բագրատաշենի հսկիչ մաքսակետով ներկրել են Հայաստան՝ առանց հայտարարագրման կամ այլ՝ ավելի էժան ապրանքների հայտարարագրման անվան տակ՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:

«Չկա նման բան, ընդամենը մի քանի խախտումներ են արվել, որոնց հետո համաձայնեցինք ու ասացինք, որ պատրաստ ենք ամենաբարձր գինը վճարել: Որպեսզի վարչականով չգնար՝ համաձայնեցինք վճարել 10 միլիոն դրամ: Հետո ասացին՝ 13 միլիոն, դրան էլ համաձայնեցինք: Գումարը ձեռքներս կանգնած ենք, բայց ի՞նչ է, հիմա դրել գումա՞ր են բարձրացնում, ինչ-որ մեկին գումա՞ր է պետք: Աճո՞ւրդ է»,- հարցը բարձրացրեցին առևտրականները:

Նրանք նշեցին, որ ավտոբուսում 41 հոգու բեռ է:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Ստամբուլից Հայաստան վերադարձած առևտրականներն ահազանգել էին՝ ասելով, որ իրենց անօրինական կերպով, մի քանի օր է՝ պահում են Բագրատաշենի մաքսակետում:

Ավելի ուշ Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգած առևտրականների կողմից ներկայացված տեղեկատվության վերաբերյալ ԱԱԾ-ն ներկայացրեց պարզաբանում, որտեղ ասված էր.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ  է ստացել՝ մի խումբ տնտեսվարողների կողմից, առանց համապատասխան հայտարարագրման, ապրանքների (հիմնականում՝ հագուստեղեն և տեքստիլ արտադրանք) ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմների վերաբերյալ: Մասնավորապես պարզվել է, որ ՀՀ մի խումբ քաղաքացիներ առևտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված  խոշոր խմբաքանակներով բեռների մի մասը «Բագրատաշեն» հսկիչ մաքսակետով ներկրել են Հայաստան՝ առանց հայտարարագրման կամ այլ՝ ավելի էժան ապրանքների հայտարարագրման անվան տակ՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:

Վերոհիշյալ գործընթացի կանխման նպատակով իրականացված տևական և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի մայիսի 19-ին կասեցվել է վերը նկարագրված եղանակով ապրանքների ներկրման հերթական դեպքը, հայտնաբերվել են մեկ ավտոբուսով և 5 «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենաներով  ՀՀ տեղափոխված շուրջ 14 տոննա տարբեր տեսակի ապրանքներ, որի միայն մի մասն է սահմանված կարգով հայտարարագրվել, իսկ մնացածը կամ առհասարակ չի հայտարարագրվել, կամ  հայտարարագրվել է և մաքսազերծվել  այլ՝ մաքսային ցածր արժեք ունեցող ապրանքների անվան տակ:

Ստուգվում է վարկածն առ այն, որ բեռների ապօրինի տեղափոխումը նշված քաղաքացիներին, հնարավոր է, հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի պաշտոնատար անձանց թողտվության կամ պաշտոնական դիրքի չարաշահման հետևանքով:

Ներկայումս, ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ  աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» մաքսակետում իրականացվում են համատեղ միջոցառումներ՝ ներկրված ապրանքների գույքագրման և պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկելու նպատակով, սակայն առևտրային գործունեությամբ զբաղվող անձինք համառորեն խոչընդոտում են գործընթացին՝  վերոնշյալ մեխանիզմով ստվերային տնտեսական գործունեությունը շարունակելու ակնկալիքով:

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ ապրանքները գույքագրելուց, պետությանը պատճառված հնարավոր վնասը հաշվարկելուց և դրա համար նախատեսված հարկերն ու տուրքերը ճշգրտված չափով վճարելուց հետո ապրանքները սահմանված կարգով կարող են վերադարձվել օրինական սեփականատերերին:

ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ պաշտոնատար անձանց օրինական պահանջները դիտավորյալ չկատարելուց, հիշեցնում, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար և նախազգուշացնում է, որ այսուհետ ևս հետևողական պայքար է տարվելու նմանատիպ երևույթների դեմ»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս