Բաժիններ՝

Հասունացող սկանդալ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում. հնարավոր է՝ ռեկտորի ընտրությունները տապալեն

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ մտած հեղափոխությունը կարծես ձախողում է, Կրթության և գիտության հեղափոխական նախարարի ջանքերը տանուլ են տալիս: Բուհի ռեկտորի վաղը կայանալիք ընտրություններին ընդառաջ՝ այս բուհի ուսանողները մեծ սկանդալի են պատրաստվում:

Ուսանողական և դասախոսական խմբերին հայտնի է դարձել ընտրություններին առնչվող Կրթության և գիտության նախարարությունից (ԿԳՆ) ստացած փակ ինֆորմացիա, ըստ որի՝ ռեկտորի ժ/պ-ն այդ օրը մրցակից չպիտի ունենա:

Բանն այն է, որ Կրթության և գիտության նախարարությունն արդեն իսկ բուհին հայտնել է իր կանխակալ դիրքորոշումը թեկնածուների վերաբերյալ՝ չթաքցնելով, որ ռեկտորի ժ/պ Լիլիթ Արզումանյանն է նախարար Արայիկ Հարությունյանի նախընտրելի թեկնածուն:

Ավելին, 168.am-ի տեղեկություններով, նախարարությունից բուհի հոգաբարձուների խորհրդի ստացած գրության մեջ հստակ անուններով է նշված «որոշիչ բովանդակությունը» և նամակում ընդգծվում է, թե ինչո՞ւ են մյուս երկու մրցակիցները դուրս մղվելու մրցապայքարից՝ հղում անելով օրենքի պահանջին, որը նախարարությունը որոշակի մանիպուլյացիայով մեկնաբանել է յուրովի:

Փաստորեն, հեղափոխական նախարար Արայիկ Հարությունյանը բացահայտ կերպով միջամտություն է ցուցաբերում իր ենթակա բուհի ընտրություններին, կողմնորոշիչ գրությունն ակնհայտորեն կաշկանդելու է հոգաբարձուների խորհրդի կազմին։ Նրանք օժտված են ընտրության ձայնի իրավունքով, իսկ քվեարկությունից օր առաջ լիազոր մարմնից ստացած գրությունն անուղղակիորեն ազդելու է արդյունքների վրա և թույլ չի տալու անդամներին ազատորեն արտահայտել իրենց կամքը:

Ազատ կամարտահայտման ջատագով նախարարը կարող էր և գուցե պարտավոր էր իր կողմնորոշիչ գրության բովանդակությունը հրապարակային հայտարարել և դեռ ամիս առաջ՝ թեկնածուների հայտագրման փուլում, որպեսզի հավասարակշռությունը պահեր բոլոր թեկնածուների նկատմամբ, ինչը, սակայն, չի արվել:

Հակառակը, ԿԳ նախարարությունը դիտավորյալ քողարկել է Լիլիթ Արզումանյանին սատարելու իր քաղաքականությունը և փորձ է անում մյուս թեկնածուներին հարվածել վերջին պահին, որպեսզի նախարարի համար նախընտրելի տիկին Արզումանյանը շահեկան դիրքերում հայտնվի:

Ուշագրավ է այն, որ նախարարությունից ստացված գրությունը ոչ թե օրեր առաջ, այլ հենց վաղն է հրապարակվելու՝ ընտրության օրը՝ բուն գործընթացի մեկնարկին, որպեսզի նախարարի համար ցանկալի թեկնածուին մեծ նվեր մատուցվի, մյուս մրցակից տղամարդիկ՝ ինստիտուտի հնաբնակներ պրոռեկտոր Արմեն Հարությունյանն ու Արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, դոցենտ Վասիլի Գևորգյանն ինքնապաշտպանության շանսեր չունենան:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանը, ըստ ամենայնի, վաղն ընթերցելու է նախարարության դիրքորոշումը՝ առ այն, որ ռեկտորի 3 թեկնածուներից միայն մեկն է իրավասու մնալ մրցապայքարի մեջ՝ դա Լիիլթ Արզումանյանն է, ըստ գծած սցենարի՝ հավակնորդ Արմեն Հարությունյանի և Վասիլի Գևորգյանի մասնակցության կասեցումը պատճառաբանվելու է կոչումների մասին որոշ փաստաթղթերի թերի լինելու հանգամանքով:

Տեղեկություններ կան, որ երկու թևի բաժանված խորհրդի անդամներն իրենք էլ իրենց հերթին՝ հակաքայլեր են ձեռնարկելու, եթե փորձ արվի Արմեն Հարությունյանին և Վասիլի Գևորգյանին թույլ չտալ իրենց թեկնածուական ծրագրերը ներկայացնել և առհասարակ ելույթով հանդես գալ։ Նրանք մտադիր են մեծ աղմուկ բարձրացնել՝ ընդհուպ ստորագրահավաքով ոչ լեգալ ճանաչել մեկ թեկնածուով ամփոփվող ռեկտորի ընտրությունները: Այս հայտարարությունից հետո, բնական է, որ բուհում բունտ կհասունանա: Առանց այդ էլ ռեկտորի ժ/պ թեկնածուն հասցրել է պաշտոնավարման 6 ամիսներին իր դեմ տրամադրել ուսանողների ու դասախոսների մեծ բանակ՝ զանազան հանգամանքների բերումով: Իսկ ռեկտորի ընտրություններին ընդառաջ՝ ներսում հարաբերություններն ավելի են սրվել, ասում են՝ բուհում դասավանդողներն ու սովորողները բաժանվել են երկու խմբի:

Կարծիք կա, որ ընտրությունները ոչ օրինական ճանաչելու հիմքերը շատ-շատ են, հնարավոր է՝ նախկին փոխքաղաքապետ, նույն բուհի ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի դասախոս, դոցենտ Արամ Սուքիասյանի թեկնածությունն արհեստականորեն հանելու միտումները ևս հաշվի առնվեն: Այսինքն՝ հնարավոր է՝ բուհի ուսանողական և դասախոսական ընդվզող հատվածին միանա նաև Արամ Սուքիասյանը, որի դոցենտի կոչումը տալու գործընթացն արհեստականորեն են ձգձգել, որպեսզի թեկնածուն չհասցնի հայտագրվել՝ որպես հարազատ բուհի ռեկտորի 4-րդ հավակնորդ թեկնածու: Եվ այդ միջամտությանը կրկին մասնակից է եղել ԿԳ նախարարությունը՝ Լիլիթ Արզումանյանի թեթև ձեռքով:

Նշենք, որ ռեկտորի ընտրության արդյունքների համար պատասխանատու Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի որոշիչ կազմը բաղկացած է 4 հիմնական խմբերից. 24 հոգանոց կազմի մեկ քառորդն ուսանողներ են, մյուս մեկ քառորդը՝ դասախոսներ, մյուսը՝ ԿԳ նախարարության ներկայացուցիչներն են, իսկ վերջին նույնաթիվ կազմը լինելու է Կառավարությունից:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս