«Գերիների փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունը»․ Աննա Նաղդալյան

«ՀՀ-ն հավատարիմ է իրապես մարդասիրական գործողություններին, սակայն դրանք չպետք է հանդուրժեն անպատժելիությունը, հատկապես՝ ծանր հանցագործությունների պարագայում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց» գերիների փոխանակման սկզբունքին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Ռուսաստանը գերիների փոխանակման հարցում «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կողմնակից է, որը նպաստում է հակամարտության գոտիներում վստահության հաստատմանը։ Ադրբեջանը ևս կողմ է այս սկզբունքին։

Աննա Նաղդալյանն ասաց, որ այս ընդհանուր սկզբունքի առնչությամբ Արցախի իշխանություններն արդեն հանդես են եկել մեկնաբանությամբ։

Ըստ նրա, ՀՀ-ն հավատարիմ է իրապես մարդասիրական գործողություններին, սակայն դրանք չպետք է հանդուրժեն անպատժելիությունը, հատկապես՝ ծանր հանցագործությունների պարագայում, և հատկապես այն պարագայում, երբ մարդու իրավունքների ոլորտում ականատես ենք լինում միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին։

Նաղդալյանի դիտարկումների համաձայն՝ անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակությունում։ Ուստի, նրա համոզմամբ, «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունը, մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները։

Նրա կարծիքով՝ ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների անպատժելիությունն արդեն իսկ հանգեցնումնէ նոր հանցագործությունների և միջազգային իրավունքների խախտումների։ Նա որպես օրինակ ակնարկեց Ռամիլ Սաֆարովի դեպքը, երբ արտահանձնվելով Ադրբեջան՝ Սաֆարովը հերոսացվեց Ադրբեջանի իշխանությունների և հասարակության կողմից։

Նրա որակմամբ՝ դա ծանր երևույթ է։ «Մեր նպատակն է, որպեսզի կանխարգելենք նման զարգացումները տարածաշրջանում, քանի որ դրանք պետք չեն տարածաշրջանին և տարածաշրջանի ժողովուրդներին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում ԼՂ հակամարտության վերաբերյալ ձևակերպումներին և «տարածքային ամբողջականության» սկզբունքի ներառմանը՝ Նաղդալյանն ասաց, որ այդ գործընթացում Հայաստանը որևէ ներգրավվածություն չունի, դրանք երկկողմ հարթակում են։

«Մեր դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի առնչությամբ հայտնի է մեր միջազգային գործընկերներին, որոշ դեպքերում մեր և մեր գործընկերների դիրքորոշումն ամրագրված է համապատասխան փաստաթղթերում, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում և CEPA-ում։ Ակնկալում ենք մեր գործընկերների սկզբունքային մոտեցումն այս հարցում»,- ասաց Աննա Նաղդալյանը։

Տեսանյութեր

Լրահոս