«Փակ հայ-իրանական սահման չի կարող լինել, ԱՄՆ-Իրան ռազմագործողությունների դեպքում այդ սահմանը չի կարող այնպես ծառայել երկու երկրներին, ինչպես խաղաղ պայմաններում»․ Իսկանդարյան
168․am-ի զրուցակիցն է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
– Տիկին Իսկանդարյան, վերջին օրերին կտրուկ սրվել են ԱՄՆ-Իրան հարաբերությունները։ Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայումս, և որքանո՞վ է լարվածության այս ալիքը վտանգավոր։
– Իրան-ԱՄՆ հարաբերությունները լարված են վերջին 40 տարիների ընթացքում։ Այլ հարց է, որ այդ լարվածությունը փոփոխական բնույթ է կրում, այսինքն՝ երբ Միացյալ Նահանգներում իշխանության գլուխ են գալիս դեմոկրատները, մի փոքր ավելի մեղմ քաղաքականություն է իրականացվում Իրանի Իսլամական Հանրապետության ուղղությամբ։ Երբ ԻԻՀ-ում նախագահ է ընտրվում ավելի չափավոր քաղաքականության կողմնակից կամ բարեփոխիչների ներկայացուցիչ, այս դեպքում ևս շատ ավելի մեղմ իրավիճակ է ստեղծվում այս հարաբերություններում։
Օրինակ, եթե մենք հիշենք Իրանի նախագահ Մոհամադ Խաթամիի կառավարման շրջանը կամ Ռուհանիի և Օբամայի պաշտոնավարման շրջանների համընկնումը, ավելի կառուցողական համագործակցություն եղավ, այսինքն՝ այս շրջաններում հարաբերություններն այնքան սուր չեն եղել, բայց դա չի նշանակում, որ այդ ընթացքում էլ չեն եղել լարվածություններ։ Անգամ Օբամայի պաշտոնավարման շրջանում են կիրառվել ամենաշատ պատժամիջոցներն ԻԻՀ-ի նկատմամբ, որը լուրջ տնտեսական խնդիրների է հանգեցրել Իրանում։
Ներկայումս ԱՄՆ-ում ընտրվել է հանրապետական Թրամփը, և նա հենց նախընտրական շրջանում էր հայտարարել, որ գալով իշխանության՝ վերանայելու է այն պայմանագիրը, որը կնքվել էր Վեցնյակի և ԻԻՀ-ի միջև, ինչը և ինքն արեց։ Այսինքն՝ նա չի արել մի այնպիսի բան, որը չի ասել մինչ ընտրությունները։ Նա նաև ասել է, որ ամեն ինչ անելու է ԻԻՀ-ին բանակցային սեղան բերելու նպատակով, այսինքն՝ պետք է նոր բանակցություններ լինեն, և պետք է գան որոշակի համաձայնության։ Հետևաբար՝ Իրանի նկատմամբ ներկայիս լուրջ ճնշումները ես պայմանավորում եմ նրանով, որ ԱՄՆ-ը ամեն կերպ փորձում է ԻԻՀ-ին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ նոր պայմաններով նոր բանակցություններ վարելու նպատակով։
Սակայն ԻԻՀ-ն էլ նշում է, որ գնացել է բանակցությունների, շուրջ 10 տարի բանակցել է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև եվրոպական երկրների հետ, և եկել որոշակի համաձայնության, և, եթե կարող է մի երկրի նախագահ գրչի մեկ հարվածով ոչնչացնել 10 տարի շարունակված բանակցությունները, որտե՞ղ է երաշխիքը, որ հաջորդ նախագահն էլ այս բանակցությունների արդյունքում ստեղծված փաստաթուղթը չի ոչնչացնի։ Այսինքն՝ իրանական կողմը դա համարում է անիմաստ գործընթաց։ Իսկ քանի դեռ Իրանը չի գնում բանակցությունների և զիջումների, ԱՄՆ-ը ավելի է կոշտացնում իր թե հռետորաբանությունը, թե գործողությունները։
Գիտենք, որ Պարսից ծոցի ջրերին է մոտեցել Աբրահամ Լինքոլն ավիակիրը, սրա հետ մեկտեղ՝ ԱՄՆ-ը Կատարի ամերիկյան ռազմաբազան է համալրել նոր ուժերով։ Այսինքն՝ ԱՄՆ-ը այս ամենով փորձում է ցույց տալ, որ, եթե անհրաժեշտություն լինի, նա կկարողանա ուժ կիրառել ԻԻՀ-ի նկատմամբ, քանի որ Իրանն էլ հերթին՝ մի շարք հայտարարություններ էր արել, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են Հորմուզի նեղուցը փակել, կարող են տարածաշրջանում ԱՄՆ ուժերին հարվածել։ Այսինքն՝ այս պահի դրությամբ հնչում է կոշտ հռետորաբանություն, բայց դեռևս գործողություններ չեն ծավալվել։ Կարծում եմ՝ եթե կողմերը խոհեմ լինեն, չտրվեն սադրանքների գոնե մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները, մինչև Թրամփի վերընտրությունը չպետք է ռազմական որևէ լուրջ բախում լինի, քանի որ դա բացարձակ հարկավոր չէ Դոնալդ Թրամփին, ով ընտրություններից առաջ այդ դեպքում կունենա տարածաշրջանում ռազմական գործողություն և, բնականաբար, չի կարող ասել, թե կարճաժամկետ առումով դա ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ։
Չի բացառվում, որ դա իրեն արժենա հաջորդ նախագահական ընտրությունները, այսինքն՝ նա չկարողանա ընտրվել։ Եթե անգամ որևէ խնդիր լինի, և ԱՄՆ-ը կարողանա որոշակի շրջանակներում հաղթող լինել, կունենա այնքան զոհեր, որ դա չի ներվի Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ում։ Այս հաշվարկները հասկանալով՝ ես կարծում եմ, որ Թրամփը ավելի կոշտ միջոցների չպետք է որ գնա մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունները։
– Այս հարցն առնչվում է նաև Հայաստանի Հանրապետությանը։ ԱՄՆ-Իրան լարվածությանը զուգահեռ՝ օրերս Բրյուսելում Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը նշել էր, որ ՀՀ երրորդ սահմանը գուցե փակվի առաջիկայում, ամենայն հավանականությամբ՝ ակնարկելով հայ-իրանական սահմանը։ Ըստ Ձեզ՝ թեև Դուք բացառում եք ուժի կիրառում այս լարվածության գոտում, ամերիկաիրանական լարման ո՞ր փուլում է հնարավոր սահմանի փակում, որի մասին, հիշեցնեմ, ամիսներ առաջ խոսել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
– Ոչ թե ես բացառում եմ, այլ հաշվարկային առումով՝ ԱՄՆ նախագահին այնքան էլ ձեռնտու չի լինի նախընտրական փուլում ունենալ նման բարդ իրավիճակ Մերձավոր և Միջին Արևելքում, այսինքն՝ անկանխատեսելի իրավիճակ, որը կունենա նաև անկանխատեսելի հետևանքներ իր համար։ Այդ հաշվարկը հաշվի առնելով՝ կարծում եմ՝ մինչև հաջորդ նախագահական ընտրությունները հարաբերությունները կպահվեն լարվածության մեջ, որից հետո պարզ կլինի՝ կընտրվի՞ Թրամփը, թե՞ ոչ, որից հետո ինչ քաղաքականություն կիրականացվի։
Ինչ վերաբերում է Մամեդյարովի պնդմանը, ապա նա էլ պետք է ամեն ինչ անի, որպեսզի քաոսային և վախի մթնոլորտ ստեղծվի տարածաշրջանում, բայց նաև չենք կարող չասել, որ եթե, Աստված մի արասցե, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը գնա կոշտ քաղաքականության Իրանի նկատմամբ և տարածաշրջանում բարդ իրավիճակ ստեղծի, չենք բացառում, որ Ադրբեջանը փորձի օգտվել այդ իրավիճակից՝ «պղտոր ջրում փորձի ձուկ որսալով»։ Այսինքն՝ նրանք էլ տարիներ շարունակ պատրաստվում են պատերազմի, և հնարավոր է, որ նրանք գնան այդ գործողություններին։ Հայ-իրանական սահմանի փակման մասին կասեմ հետևյալը՝ անգամ, եթե պատերազմական գործողություններ լինեն և փախստականների հոսք լինի Իրանից, մենք չենք կարող սահմանը փակել, այսինքն՝ փակ հայ-իրանական սահման չի կարող լինել։ Այլ հարց է, որ այդ սահմանը չի կարող այնպես ծառայել երկու երկրներին, ինչպես խաղաղ պայմաններում է ծառայել։
– Ադրբեջանական կողմի այդ տեսակ մեկնաբանությունը տպավորություն է թողնում, որ նման սցենարը շրջանցելու է Ադրբեջանին։
– Իհարկե՝ ոչ։ Այդ նույն փախստականների հոսքը նույն հաջողությամբ, անգամ ավելի մեծ թափով Ադրբեջանի տարածք է ուղղվելու, հատկապես՝ թրքախոս իրանցիները, որոնք նույն լեզվով են խոսում, նույն կրոնի, նույն ուղղության մարդիկ են, այսինքն՝ շատ-շատ ավելի մեծ թափով մտնելու են Ադրբեջան։ Ադրբեջանը պատրա՞ստ է այդքան փախստականների ընդունել և կառավարել իրավիճակը, ես չգիտեմ այդ հարցի պատասխանը։ Կրկնեմ, որ ոչ թե սահմանը կփակվի, այլ չի աշխատի այնպես, ինչպես խաղաղ ժամանակներում։
– Այս իրավիճակում հայկական դիվանագիտության խնդիրը ո՞րն է։
– Թե ԱԳՆ-ն, թե ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատունը աչալուրջ են այս պահին էլ, ուշադիր են, կարծում եմ՝ նրանք գիտեն, թե այդ պահին կոնկրետ տեղում ինչ պետք է անեն։ Հուսով եմ, որ նրանք կկարողանան ըստ արժանվույն իրականացնել իրենց առաքելությունը։