Մարկ Արենի «Քառյակը» առաջին հորիզոնականում է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է մարտի վաճառքների հիման վրա:
Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Մարկ Արենի «Քառյակը»: «Քառյակը» վեպի հերոսներ երևանցիներ Խաչատուրը, Տիգրանը, Արտեմը և մոսկվացի Անդրեյը մասնակցում են Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը, մարտնչում հանուն Արցախի ազատագրության, այնուհետև՝ համեմատաբար խաղաղ պայմաններում, պայքարում ավազակախմբի դեմ Մոսկվայում ու մերձմոսկովյան շրջաններում ՝ հանուն ադրբեջանցու երեխայի և իրենց ընկեր Անդրեյի փրկության: Այս գրքի հիման վրա է նկարահանվել «Հանդիպման վայր» բազմասերիանոց ֆիլմը: Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:
Ուիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը երկրորդ հորիզոնականում է: Այն Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:
Երրորդ տեղում է բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:
Չորրորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:
Հինգերորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին:
Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքն ամերիկյան գրականության դասական Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը: Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի:
Յոթերորդ հորիզոնականում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է` ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:
Ութերորդ տեղում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:
Ջորջ Օրուելի «1984» վեպը իններորդ հորիզոնականում է: 1949 թ. հրատարակված «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով։ 2009 թ.-ին The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։ Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան:
Տասներորդ հորիզոնականում է Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը: Այս գործն իննամյա աղջկա անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերությունները և թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհու մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ և հաճելի գրքին: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը