Կոնվերս Բանկը միացել է ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին

Կոնվերս Բանկը միացել է  Հայ բարեգործական ընդհանուր միության(ՀԲԸՄ) «Կին ձեռներեցներ» ծրագրին: Այս մասին հայտարարվել է ՀԲԸՄ հիմնադրման 113-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպված տոնավաճառի ժամանակ:

Տոնավաճառում ներկայացված  էր  «Կին ձեռներեցներ»ծրագրի մասնակիցների արտադրանքը՝ սնունդ, հուշանվերներ, հագուստ, աքսեսուարներ, խեցեղեն, ձեռագործ խաղալիքներ և այլն:

«Կոնվերս Բանկի ներկայությունը  շատ ոգևորիչ է:Մենք մեծապես քաջալերված և ոգեշնչված ենք մեր գործընկերությունից և համոզված ենք, որ այն շատ արդյունավետ և արգասաբեր է լինելու»,-ներկայացնելով ծրագրի նոր գործընկերոջը, ասել է  ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Դալար Կազանջյանը: Նշվել է, որ ծրագրի շրջանակներում  առաջիկայում Արցախում դասընթացների կազմակերպումը հնարավոր է դարձել արգենտինահայ գործարար Էդուրադո Էռնեկյանի կողմից հիմնադրված «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի աջակցությամբ:

«Կին ձեռներեցներ» ծրագրի շրջանակում ՀԲԸՄ և  Կոնվերս Բանկի համագործակցությունը ընթանալու է մի քանի ուղղությամբ:

«Կանանց պատկանող կամ կանանց կողմից կառավարվող բիզնեսին աջակցությունը, նրանց  համար պրոդուկտների մշակումն ու գործարկումը մշտապես եղել է Բանկի ուշադրության կենտրոնում: ՀԲԸՄ համագործակցության շրջանակում մենք ոչ միայն պատրաստ ենք մասնակիցներից յուրաքանչյուրին առաջարկել բանկային ծառայությունների համալիր փաթեթ՝ արտոնյալ պայմաններով, այլև խորհրդատվություն բիզնեսի կայացման և զարգացման ողջ ընթացքում: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում նաև դառնալ կամուրջ արտադրող կանանց և առևտրի, սպասարկման, ծառայությունների ոլորտում մեր գործընկերների միջև՝ նպաստելով նրանց արտադրանքի իրացմանը»,-ասել է  Կոնվերս Բանկի Բիզնեսի զարգացման տնօրեն Արթուր Նահապետյանը:

Տոնավաճառի շրջանակում Կոնվերս Բանկի ներկայացուցիչները ցանկացողներին նվիրել են Womans քարտեր, ինչպես նաև պատասխանել են Բանկի հետ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցերի:

Տեսանյութեր

Լրահոս