Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը հաստատեցին իրենց միջնորդությունը. դատարանն այն քննության կառնի խորհրդակցությունների սենյակում
Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատարանում են՝ հայտնելու իրենց անձնական երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը:
Արցախի երկու նախագահները դատարանում ևս մեկ անգամ պնդեցին, որ երաշխավորում են, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվելով ազատության մեջ՝ չի խոչընդոտի գործի քննությանը։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ նրանց ներկայացրած անձնական միջնորդությունը դատարանը քննության կառնի խորհրդակցությունների սենյակում։
Դատարանում է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Արցախի երկու նախագահները միջնորդություն էին ներկայացրել ՀՀ դատախազությանը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, որպեսզի ՀՀ Երկրորդ նախագահը կարողանար մասնակցել մայիսի 9-ին Արցախում կայանալիք տոնական միջոցառմանը։ Այդ միջնորդագիրը Գլխավոր դատախազությունը մերժել էր՝ նշելով, որ գործն այսօր դատարանում է, ուստի իրավասություններ չունի որևէ միջամտություն անելու։
Զվարթ Խաչատրյան