Թուրքիայում ծրագրել են «Մշո կակաչը» դարձնել եկամտի կարևոր աղբյուր
Մուշի Ալփարսլան համալսարանի կողմից իրականացվող մի նախագծի շրջանակում աշխատանքներ են սկսվել էնդեմիկ համարվող «մշո կակաչի» բազմացման և վաճառքի ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Մշո կակաչի բազմացման ու զարգացման» նախագծի շրջանակում աշխատանքային խմբի անդամները կակաչի սոխուկներ են հավաքելու:
Այս կապակցությամբ Մուշի Ալփարսլան համալսարանի փոխռեկտոր Յաշար Քարադաղը հայտնել է. «Մտածում ենք Մշո կակաչները մշակույթի մեջ ներառել և ինչպես Հոլանդիան է անում, կակաչի սոխուկները բազմացնել և հանել շուկա: Կակաչը Մուշի համար առաջիկայում կդառնա կարևոր եկամտի աղբյուր»:
Այսպիսով նշյալ նախագիծը նպատակ ունի Մշո դաշտերում բնական աճող և շուրջբոլորը կարմիր գույնով ներկող կակաչները դարձնել եկամտի աղբյուր:
Քարադաղի փոխանցմամբ` Մշո դաշտը Թուրքիայում 3-րդն է Կիլիկյան և Քոնյայի դաշտավայրերից հետո: Զբաղեցնում է շուրջ 165.000 հա տարածք:
Քարադաղը նշել է, որ այդ նախագիծը ներկայացվել է «Կակաչների հետազոտության» կենտրոնին և հավելել.
«Այս կակաչը, որը համարվում է Մուշի կարևոր խորհրդանիշը, նախ և առաջ հավաքելու ենք Թուրքիայի գյուղատնտեսության գլխավոր վարչությանը պատկանող տարածքներից, այնուհետև աշնանը 15սմ խորությամբ և 1մ հեռավորության վրա իրարից անջատ սոխուկներն ենք տնկելու»: