Բաժիններ՝

«Լավ բան է ասում, բայց դժվար թե մեր ժողովուրդը պատրաստ է դրան». Տիգրան Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

«Աշխարհի առաջնային մեքենաների արտադրության երկիրը՝ Գերմանիան, ամբողջովին էլեկտրամոբիլների՞ց է բաղկացած: Ո՛չ: Այսինքն՝ դա ապագա է, որ 10, 20 տարի հետո պետք է լինի, դա ի՞նչ կապ ունի մեր ավտոպարկի հետ, որ բոլորը պետք է փոխեն իրենց ավտոմեքենաները էլեկտրականի: Էլեկտրոմոբիլներն էժան չեն, իսկ ուղևորափոխադրող էլեկտրական ավտոբուսների գինը հարյուր-հազարավոր դոլարների է հասնում: Այդ արտոնությունը խրախուսվում է, բայց ամբողջ աշխարհը նավթից ու բենզինից հրաժարվել, անցել է էլեկտրոմոբիլների՞: Ես ուրախ կլինեմ, որ Հայաստանի օդն ու ջուրը չաղտոտվի, բայց դա ե՞րբ հնարավոր կլինի: Արդյոք մենք բավարար էլեկտրակայաններ ունե՞նք, որ սնուցումն ապահովեն: Պետությունը նախ պետք է էլեկտրակայաններ կառուցի: Լավ բան է ասում, բայց դժվար թե մեր ժողովուրդը պատրաստ է դրան»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած 100 փաստերից մեկին, որ հիմա օրենսդրական նախաձեռնություն է քննարկվում, որի արդյունքում էլեկտրամոբիլների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կազատվի ավելացված արժեքի հարկից:

Ըստ նրա՝ աշխարհի զարգացած երկրներում էլ էլեկտրամոբիլները մեծ մասնաբաժին չեն կազմում:

Տ.Հովհաննիսյանի խոսքով՝ եթե հաջորդ տարվանից ավելանում է երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքը, ապա Հայաստան ավտոմեքենաներ կներկրվեն արդեն Ռուսաստանից. «2020 թ.-ից մենք գնում ենք ժանգոտ ռուսական մեքենաներ ներկրենք: Այնպես որ, լավ պայմաններում չենք գտնվելու: Այլ բան, որ մի երկու տարով էլ հետաձգվեր մաքսատուրքի ավելացումը, բայց միաժամանակ մեքենայի տարիքի սահմանափակում դրվեր, օրինակ՝ թույլատրվեր ներկրել միայն մինչև տասը տարեկան մեքենաներ: Դա ավելի լավ որոշում կլիներ, քան էլեկտրամոբիլներ պարտադրելը: Իսկ այն, որ ներկրելու ենք ռուսական հնաոճ մեքենաներ, դա փաստ է:

Ամեն դեպքում, էլեկտրամոբիլներն ապագան են, որ աշխարհին է պետք: Դա լավ ցանկություն է, բայց մենք պատրաստ չենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս