Բաժիններ՝

Զավեշտալի վիճակ. գազալցակայանների զուգարաններից գողություններ են կատարում. «Նույնիսկ լամպերն են քանդում-տանում»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին մեկ տարին ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Հանրապետությունում առկա շուրջ 350 ԱԳԼՃԿ-ում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում աշխատանքներն ավարտված են։

«Այս փաստը ես շատ կարևոր եմ համարում զբոսաշրջության զարգացման տեսակետից, որովհետև 15 տարի է՝ մեր երկրում քննարկվում է, որ այս զուգարանների պրոբլեմը չի լուծվում, և մեր կառավարությունը՝ իմ հանձնարարականով, Տարածքային կառավարման նախարարությունն ավտոգազալցման կայաններին պարտավորեցրել է օրենքով իրենց պարտավորությունները կատարել: 2018թ.՝ 2017թ. Համեմատությամբ, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.5 տոկոսով»,- ասաց վարչապետը:

«Գազալցակայաններում զուգարանների առկայությունը կարևոր է, այդ հարցը լուծված է, որովհետև բոլորին տուգանեցին 60.000-ով, համ էլ բյուջեն փող լցվեց»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորումների տեղադրման և փորձարկման լաբորատորիայի տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը:

«120.000 էր տուգանքը, բայց զեղչ էին անում էլի, ասում էին՝ լավ, 60.000 դրամով կտուգանենք, բայց մեկ ամիս ժամանակ կտանք, որ թերությունները վերացնեք: Բոլոր տեղերում զուգարաններ կային, չկար այնպիսի տեղ, որ չլիներ, բայց գտել են 2010 թվականի հոկտեմբերի 1-ին Առողջապահության նախարարի 21Ն հրամանը, համաձայն որի՝  գազալցակայաններում հասարակական զուգարանի նվազագույն խցիկների քանակը մինչև 4-ը պետք է լիներ, իսկ եթե 4 կետից ավելի է, ուրեմն ևս մեկը՝ լրացուցիչ:

Դա կամ վրիպակ է եղել, կամ հիմարություն: Ասենք, եթե 6 լիցքավորման կետ կա, պետք է 4 զուգարան լինի, 10 հատ է, ուրեմն՝ պետք է լինի 8 զուգարան: Չես հասկանում՝ զուգարանների թիվն ի՞նչ կապ ունի լիցքավորման կետերի հետ: Չգիտեմ՝ պատճառն ի՞նչ է եղել, որ նման բան են գրել: Անգամ հիվանդանոցներում այդքան զուգարան չկա, երբ որ հազարավոր մարդիկ են այնտեղ մտնում: Հլը մի հատ փորձեք հիվանդանոցում զուգարան մտնել՝ միայն իրենց անձնակազմի համար է: Նման բաները հեչ, բայց գազալցակայանները… շատ կարևոր են, հա՞, որ զուգարանների քանակը պակաս էր, տուրիզմի զարգացմանը խանգարում էր:

Բոլոր ԱԳԼՃԿ-ներում երկու զուգարան եղել է, հիմա սարքել են 3-4 հատ: Ու այնպիսի պայմաններ են առաջ քաշել… օճառի տեղը ժամանակակից պետք է լինի, ուլտրազվուկային իոնիզացիա… գիտե՞ք, թե խնդիրը որն է՝ մեր ժողովուրդը դեռ պատրաստ չէ նման բաների: Ընկերներիցս մեկը զանգել, ասում է՝ արդեն չորրորդ իոնիզացիայի սարքն ենք տեղադրում, որն արժե 8000 դրամ: Մտնում են զուգարան, վերցնում, հետները տանում են, հիմա հո տեսախցիկ չե՞ն դնելու զուգարանում: Նաև լամպերն են քանդում-տանում: Զավեշտալի վիճակ է»,- մանրամասնեց Մկրտիչ Տիգրանյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս