Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «Գրին ֆուդ» ընկերությանը
ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց ջերմոցների կառուցման շինարարական աշխատանքների համար ներմուծում իրականացնող «Գրին ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Նիստում հարցը քննարկման ներկայացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
««Գրին ֆուդ» կազմակերպությունը գործում է Շիրակի մարզում, ներմուծումը կատարում է ջերմոցների կառուցման համար: Այն գործում է 2017թ.: Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝ իրականացնել 2,876,000,000 ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1,870,000,000 ՀՀ դրամ, որից 120 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 250 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում»,- ասաց Խաչատրյանը:
Նախարարը նշեց, որ ներկայումս ընկերությունում առկա է 56 աշխատակից, ծրագրով նախատեսվում է ևս 94 աշխատատեղ ստեղծել` 110,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: