«Արցախի դոսյեն ընթերցող վարչապետը դեռևս խիզախություն չունի բանաձևելու պարզ ճշմարտությունը». Արմեն Աշոտյան

«Վարչապետի պաշտոնը ենթադրում է ոչ միայն բնամթերքի ցուցադրության մասնակցություն, տոնահանդեսներին տարբեր ուտեստների համտեսում, արտասահմանյան շրջագայություններ, հին շորերին զուգահեռ՝ նոր շորեր գնելու հնարավորություն, այլ այդ պաշտոնն առաջին հերթին ենթադրում է քաղաքական պատասխանատվություն»,- այս մասին նշեց  Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով 168.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Արցախի հարցի լուծման հետ կապված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած հնարավոր հանրաքվեին, և արդյո՞ք այդ հարցի հետ կապված՝ հայ ժողովուրդն արդեն իր կամքն ու ցանկությունը չի հայտնել։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր հրավիրված 5.5 ժամ տևողության ասուլիսում ասել էր.

«Արցախի հարցը որոշելու է ժողովուրդը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Եթե ես ունենամ բանակցությունների արդյունքում այնպիսի լուծում, որ համարեմ, որ դա արժանի է ներկայացնել ժողովրդին, կգամ, կհրավիրեմ հնարավոր է՝ հանրահավաք, հնարավոր է՝ ասուլիս, հնարավոր է՝ տեսաուղերձ, հնարավոր է՝ հանրաքվե, և կասեմ՝ էսպիսի տարբերակ կա, ժողովո՛ւրդ ջան, դուք թույլ տալի՞ս եք էս շրջանակներում բանակցել։ Ամենակարևոր խնդիրը Ղարաբաղի հարցում հետևյալն է՝ ի՞նչ ենք մենք ուզում»։

Արմեն Աշոտյանն անդրադառնալով նրա այդ հայտարարությանը և ի պատասխան մեր հարցի՝ ասաց.

«Երբ Նիկոլ Փաշինյանն ուզում էր դառնալ վարչապետ և ժողովրդին համոզել էր, որ դա հենց ժողովուրդն է ուզում, այլ ոչ թե ինքը, ապա պետք է հստակ գիտակցեր այդ ամենը։ Ազգային ժողովում ես և իմ ընկերներն այդ հարցը նրան ուղղել ենք, որ կա Արցախի, Հայաստանի անվտանգության խնդիր, Հայաստան-ԵՄ հարաբերություններ, այսինքն՝ կան բազմաթիվ հարցեր, որոնց համարժեք չէ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Նրա հետևողականությունը՝ իր վրայից գցելու բոլոր այն պարտականությունները, որոնք տհաճ են կամ պատասխանատու, պարզապես հիացնում է։ Արցախի ժողովուրդն իր որոշումը հանրաքվեով տվել է, իսկ հայ ժողովուրդն այդ որոշումը սատարել է։ Արցախի խնդիրն  արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին է»,- ասաց Ա. Աշոտյանը։

Նրա բնորոշմամբ՝ տարօրինակ է, որ Արցախի դոսյեն ընթերցող վարչապետը դեռևս խիզախություն չունի բանաձևելու այդ պարզ ճշմարտությունը։ Ավելին՝ այդ ամենը չտեսնելը նշանակում է՝ ի սկզբանե խուսափել քաղաքական պատասխանատվությունից Հայաստանի և Արցախի այսօրվա և վաղվա համար։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս