Բաժիններ՝

«Չէի ասի, որ կա տեսանելի տնտեսական քաղաքականության էն մոդելը, որով մեր երկիրն առաջ է գնալու». Բագրատ Ասատրյան

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփում է իր կառավարության 1 տարվա տնտեսական ցուցանիշները, թեման քննարկվում էր նաև տնտեսագետների շրջանակում։

«Այս պահին տնտեսության մեջ կառավարության կողմից կատարված կարևորագույն քայլը դա գործող օրենդրության պահպանումն է, այսինքն՝ մրցակցության ապահովումը տնտեսության բոլոր մասնակիցների համար։ …Այլևս չկան արտոնյալներ. իշխանությունը և բիզնեսը տարանջատված են ամբողջովին»,- նշում է ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։

Ի՞նչ գործ ունի Ծառուկյանը խորհրդարանում, եթե տարանջատված է ամբողջովին՝ լրագրողի հարցին Առաքելյանն արձագանքում է.
«…Այսօր Գագիկ Ծառուկյանը կամ ցանկացած այլ պատգամավոր իր բիզնես շահերի տեսանկյունից հնարավորություն չունի ազդելու կառավարության տնտեսական քաղաքականության վրա»։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը դրական փոփոխությունների շարքում նշում է մի քանիսը՝ համակարգային կոռուպցիայի մասով, հարկային-մաքսային համակարգում վարչարարության ոլորտում, ապա հավելում, որ այդ փոփոխությունները գալիս են նախորդ կառավարությունից։

«Միևնույն ժամանակ մենք ունեցանք առանձին ուղղություններով զգալի բացթողումներ և առավել ծայրահեղ լիբերալ մոտեցումներ, որը նախորդ կառավարությունը չուներ, որի հետևանքը եղավ այն, որ, եթե նախորդ կառավարությունները քննադատվում էին իրենց տնտեսական աճի անորակությամբ, այս կառավարությունը ևս շարունակեց այդ քաղաքականությունը։ Եթե նախկինում հանքարդյունաբերությունն էր գերակշռում, հիմա հիմնականում ծառայությունների ոլորտն է, շահումով խաղերը, որոնք ապահովում են այս տնտեսական աճը»,- մանրամասնում է տնտեսագետը։

Վիճակագրության մասով նույնպես Պարսյանը տեսնում է նախկինից եկող մշակույթ. ըստ նրա՝ ներկայացվող թվերը, մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում։
«Այս մեկ տարվա ընթացքում առանցքայինը, որ ունեցել ենք, համակարգային փոփոխություններն են»,- մեկ տարվա տնտեսական ընդհանուր գնահատականն է տալիս ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

«Հրապարակում մոտեցումներ կան, բայց ես չէի ասի, որ մենք այսօր կարող ենք պնդել, որ կա տեսանելի տնտեսական քաղաքականության էն մոդելը, որով մեր երկիրն առաջ է գնալու, որտեղ գալիք տարիների լուծումները պետք է ամփոփված լինեն»,- հավելեց Ասատրյանը։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս