Բաժիններ՝

Արարատ Միրզոյանն ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ ԱԺ վերահսկողական գործառույթների գործիքակազմը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հյուրերին ներկայացնելով Հայաստանում արձանագրված հեղափոխական փոփոխությունները` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացները համագործակցության նոր հեռանկարներ են բացում ինչպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, այնպես էլ գործընկեր մյուս կառույցների հետ: Նա անդրադարձել է այն քայլերին, որոնք մեր երկրում իրականացվում են ժողովրդավարության հետագա ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության եւ մրցակցային տնտեսական համակարգի կայացման ուղղությամբ: Արարատ Միրզոյանը հույս է հատնել, որ այս բոլոր դրական փոփոխություններն իրենց արձագանքը կգտնեն Մարդու իրավունքների տարեկան զեկույցում, ինչն իր հերթին համագործակցությունն ընդլայնելու նոր հնարավորություններ կստեղծի:

Կողմերը քննարկել են խորհրդարանական կառավարման համակարգի անցած Հայաստանի օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթների գործիքակազմը, դրանց արդյունավետության բարձրացման ուղիները: Այս համատեքստում ընդգծվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության դերակատարությունը: Արարատ Միրզոյանը նեկայացրել է այն նախաձեռնությունները, որոնք միտված են կառավարման եւ օրինաստեղծ գործունեությանը վերջիններիս ներառականության հնարավորինս ապահովմանը: «Կարծում եմ, որ Հայաստանում ժողովրդավարական գործընթացները շատ ավելի խորքային ու արագ զարգացում կունենան, եթե ստանան գործընկեր երկրների ու կառույցների աջակցությունը»,- ասել է խորհրդարանի ղեկավարը` նշելով որ ակնկալվում է օժանդակության շեշտակի աճ:

Բարձր գնահատելով Հայաստանում իրականացվող բարեփոխումները` Ալեքսանդր Սոկոլովսկին վստահեցրել է, որ իրենք եւ ամերիկյան կառույցները պատրաստակամ են աջակցելու մեր երկրին` զարգացման տարբեր ոլորտներում: Նա կարեւորել է խորհրդարանի դերը` որպես ժողովրդավարության ու բազմակարծության հարթակի:

«ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի իր համագործակցությունը Ազգային Ժողովի հետ՝ ամրապնդելու այն որպես ժողովրդավարական բարեփոխումների շարժիչ ուժ եւ իր քաղաքացիների կարիքներին արձագանքող կառույց: Միացյալ Նահանգները կամրագրի իր աջակցությունը` մայիսի 7-ին կայանալիք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության ավարտին մեր երկրների միջեւ կնքված երկկողմանի համաձայնագրերում ստորագրելով մի շարք փոփոխություններ` Հայաստանին տրամադրվող օժանդակությունը 16 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացնելու նպատակով»,- նշել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրենը:

Արարատ Միրզոյանն ընդծել է ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով Լեռնային Ղարաբաղում իրականացվող ծրագրերի կարեւորությունը` նշելով, Արցախի բնակչությունը եւս իրավունք ունի լիարժեք կյանքի:

Խորհրդարանի ղեկավարը հյուրերին ներկայացրել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս