Ո՞ր դեսպանությունից են Հարությունյանին օգնել հատել սահմանը
ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ, որքան ժամանակ է, միջազգային հետախուզում է հայտարարվել: Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Հարությունյանը գործով անցնող իր համախոհներից մեկի հետ գտնվում է Թուրքիայում, սակայն նրա պաշտպան Կարեն Հակոբյանն այդ տեղեկությունները բամբասանք էր որակել։
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կարծես թե ձևացնում է, որ Հարությունյանի գտնվելու վայրը գիտի, բայց նպատակահարմար չեն գտնում իրենց ունեցած տվյալները հանրայնացնել: Իսկ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նախկին նախարարի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չունի:
«Արամ Հարությունյանին որևէ տեղ հայտնաբերելու տեղեկություններ դեռևս չկան, նաև պաշտոնապես տեղեկություն չկա հանրապետությունից նրա բացակայելու վերաբերյալ»,- ասել էր Դավթյանը:
168.am-ի աղբյուրների հավաստմամբ՝ Ա. Հարությունյանը ՀՀ սահմանը, այնուամենայնիվ, հատել է դիվանագիտական համարանիշերով ամտոմեքենայով։
Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով՝ 14 միլիոն դոլարի կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ ներգրավվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այլ արարքների համար։