Ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո. պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը

«Տնտեսական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում և դեռ պետք է տեղի ունենան, մեզ համար բացարձակ առաջնահերթություններ են»,- այս մասին այսօր «Իմ քայլը հանուն Արարատի» ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ փոփոխությունների կարևոր նախադրյալն այն փիլիսոփայությունն ու գաղափարախոսությունն է, որ դրված է դրանց հիմքում։

«Այդ գաղափարախոսությունը մենք անվանում ենք անհատական ջանք, անհատի վերափոխում և շատ կարևոր է հասկանալ, որ սա ուղիղ շարունակությունն է այն քաղաքական փոփոխությունների, որը ՀՀ-ում տեղի ունեցավ»,- հավելեց վարչապետը։

Ըստ Ն. Փաշինյանի՝ բոլորի համար պարզ է հետևյալ հարցի պատասխանը՝ ինչպիսին էր փիլիսոփայությունը հեղափոխությունից առաջ և հետո, ինչ կարող էր անել քաղաքացին:

Հեղափոխությունից առաջ, ըստ վարչապետի՝ ՀՀ քաղաքացին, ըստ էության, ոչ մի բան չէր կարող անել, կամ, եթե նույնիսկ կարող էր անել, շատ սահմանափակ, այն էլ՝ որոշակի թույլտվությամբ, որոշակի հովանավորությամբ:

«Իսկ այդ համակարգում ովքե՞ր էին, որ կարող էին անել ինչ-որ բան, դրանք էլիտայի ներկայացուցիչներ էին, համարյա կիսաստվածներ, ովքեր կարող էին որոշել մարդկային ճակատագրեր, ովքեր կարող էին որոշել ամեն ինչ, անել ամեն ինչ, ովքեր սահմանափակված չէին ոչնչով: Նրանք, այո՛, ըստ էության, կիսաստվածային կարգավիճակ ունեին ՀՀ-ում:

Ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո ըստ այդմ. հեղափոխությունից հետո փոխվել է այդ հարցերի պատասխանը: Ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին, պատասխանը հետևյալն է.  ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ, ՀՀ քաղաքացու ոչ մի հնարավորություն ոչնչով սահմանափակված չէ՝ պայմանով, որ մենք խոսում ենք ստեղծարար, օրինական փոփոխության մասին, օրինական գործողությունների, այն գործողությունների մասին, երբ օգտվում են սեփական ազատություններից, բայց հարգում են ուրիշների ազատությունը»,- ասաց նա՝ նշելով, որ այս փոփոխությունը Հայաստանը դարձնում է և պիտի դարձնի աշխարհի առաջատար տնտեսությամբ պետություններից մեկը:

Նա նկատեց, որ նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ իրենց խանգարում են.

«Դա այն է, որ մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, լսածին: Մարդիկ շարունակում են երբեմն ունենալ համաձայնեցումները, «դաբրո»-ների կարիք և տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց 90 և ավելի տոկոսն ուզում է իր գործողություններն անձամբ համաձայնեցնել երկրի ղեկավարի և ղեկավարության հետ:

Իհարկե, մենք պատրաստ ենք, որովհետև դա մեր աշխատանքն է բոլոր մարդկանց քաջալերել, լսել, բայց ժամանակը չի բավականացնում դրա համար: Սա է մեզ խանգարող իրենցիան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս