«Ադրբեջանը Նախիջևանի ուղղությամբ վատ էր պաշտպանված, իսկ վերջին տարիներին փորձում են թերությունները վերացնել»

«Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ չլինելու խոսակցություններն անլուրջ են: Այսպես կարող են արտահայտվել մարդիկ, ովքեր վատ են պատկերացնում Թուրքիայի կարևորությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա ընդգծեց հատկապես Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

«Թուրքիան ԽՍՀՄ-ի դեմ պայքարում առաջին շարքում էր, և սրա արդյունքում մեծ կարևորություն էր ներկայացնում: Վերջին տարիներին որոշ չափով նվազել էր կարևորությունը, իսկ հիմա՝ հակառակը, կրկին աճում է: Մերձավոր Արևելքում դժվար է չգնահատել Թուրքիայի դերը: Այնտեղ կա Իրանը, Իրաքը, Սիրիան… Դժվար է պատկերացնել, որ Թուրքիան կարող է հեռանալ ՆԱՏՕ-ից»,- հավելեց քաղաքագետը:

Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձավ Ադրբեջանում մայիսի 1-ին մեկնարկած  թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը՝ ասելով.

«Սրանք պլանային զորավարժություններ են, առաջին անգամ չէ, որ անցկացվել են: Անցած տարի երկու անգամ զորավարժություն տեղի ունեցավ, որից մեկը՝ սեպտեմբերին՝ Ադրբեջանում, և մարտին՝ Թուրքիայում:  Յուրահատուկ ոչինչ չկա»:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Նախիջևանում դիրքավորվում են, Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, թե ամեն տեսակետ չի մեկնաբանում, իսկ այն, ինչ կատարվում է Նախիջևանում, այսինքն՝ համագործակցությունը, վաղուց կա.

«Ադրբեջանը Նախիջևանի ուղղությամբ վատ էր պաշտպանված, իսկ վերջին տարիներին փորձում են թերությունները վերացնել»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս