Կառավարությունը տեղապտույտի մեջ է
Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում առաջ մղել խոստացված բարեփոխումները։ Ժամանակն անցնում է, իսկ գործընթացները տեղից չեն շարժվում։
Անցած մեկ տարվա ընթացքում, հայտարարություններից բացի, այդպես էլ որևէ ոլորտում առարկայական բարեփոխումներ չիրականացվեցին։ Կառավարությունը շատ երկար է մտածում` մինչև որոշում կայացնելը։ Մինչդեռ ժամանակը չի սպասում։ Մարդիկ ցանկանում են օր առաջ տեսնել իշխանափոխության արդյունքները, որոնք այդպես էլ չեն երևում։
Ամիսներ պահանջվեց, որպեսզի կառավարությունը կարողանա ի մի բերել կառավարման համակարգի կառուցվածքը։ Չնայած այդպես էլ դրա հիմքում որևէ տրամաբանական հիմնավորում չհաջողվեց դնել։ Նախարարությունների թիվը կրճատելիս կամ դրանք միացնելիս պարզվեց՝ կառավարությունն առաջնորդվում է սեփական ինտուիցիայով։ Այդպես էլ չներկայացվեց որևէ հիմնավորում կամ հաշվարկ, թե ի վերջո ի՞նչ արդյունք է ապահովվելու այդ նախաձեռնությամբ։
Այնպիսի տպավորություն է, որ այդ ամենն արվում է պարզապես նախորդ իշխանություններին հակադրվելու համար։ Թե վաղն ինչ խնդիրներ կարող են առաջանալ նոր կառուցվածքի արդյունավետության առումով, կարծես այնքան էլ կարևոր չէ։
Դեռևս կառավարման համակարգի բարեփոխումները չսկսած` կառավարությունը, թեկուզ ժամանակավոր, բայց ստիպված էր հետ կանգնել այն առանցքային նպատակից, ինչի համար նախաձեռնել էր այս ամենը։ Խոսքն օպտիմալացման մասին է։ Կարևոր չէ՝ ճի՞շտ է, թե՞ սխալ, բայց դրա հետևանքով՝ արդեն մի քանի ամիս է, ինչ ամբողջ պետական ապարատը կիսակաթվածահար վիճակում է։ Ու դեռ հայտնի չէ, թե դա ինչքան կարող է շարունակվել։
Վախենալով հնարավոր հասարակական դժգոհություններից ու բացասական հետևանքներից`այս փուլում կառավարությունը ստիպված էր հրաժարվել կտրուկ քայլերի գնալուց։ Այժմ արդեն հայտարարվում է, որ նախարարությունների միացման առաջին փուլում կկրճատվի շուրջ 100 մարդ։
Թե ե՞րբ կսկսվի օպտիմալացման երկրորդ փուլը, առայժմ կառավարությունը չի ցանկանում բացահայտել` զգուշանալով հնարավոր դժգոհություններից։ Թեև դա, ուզած թե չուզած, լինելու է, եթե իսկապես մտադրություն կա օպտիմալացնելու պետական կառավարման համակարգը։
Եթե կառավարման համակարգի բարեփոխումներն են այսքան երկար ձգվում, դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, երբ կառավարությունը որոշի նախաձեռնել տնտեսական բարեփոխումներ։ Անցած մեկ տարվա ընթացքում այդ առումով գրեթե ոչինչ չի արվել։ Կառավարությունը չի ներկայացրել որևէ հայեցակարգային ծրագիր` առկա ոլորտային խնդիրների լուծման վերաբերյալ։
Ամեն ինչ թողնված է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հույսին, որոնք հիմնականում կտրված են իրականությունից և չունեն բավարար հիմնավորումներ։ Պատահական չէ, որ դրանք շատ արագ իմաստազրկվում են։
Այնպես, ինչպես եղավ տնտեսության թռիքաձև աճի կամ տնտեսական հեղափոխության դեպքում։ Երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ այն, ինչ անում է կառավարությունը, նման հեռանկարներ չի ստեղծում։
Այսօր արդեն քչերն են սպասում Հայաստանի տնտեսության թռիչքաձև զարգացմանը։ Նույնիսկ վարչապետն է դադարել խոսել այդ մասին։
Այլ կերպ, թերևս, չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ առաջիկա առնվազն երեք տարիների համար Հայաստանի տնտեսական աճի հեռանկարներն ընդամենը 4-5 տոկոսի սահմաններում են։ Նման աճի պարագայում անիմաստ է լուրջ հույսեր կապել ոչ միայն՝ տնտեսության թռիչքային զարգացման, այլև՝ սոցիալական իրավիճակի քիչ թե շատ բարելավման հետ։
Զուտ բարի ցանկություն է տնտեսական հեղափոխություն ասվածը, եթե դրա համար հիմքեր չեն ստեղծվում։ Կառավարությունը մինչև հիմա գրեթե ոչինչ չի արել տնտեսական դաշտում խթաներ ստեղծելու համար։ Միակ նախաձեռնությունը հարկային օրենսգրքի բարեփոխումներն են, որոնք, դեռ հայտնի չէ, թե ե՞րբ կմտնեն գործողության մեջ և, որ առավել կարևոր է, ի՞նչ արդյունք կտան։ Բայց մի՞թե, դրանից բացի, Հայաստանի տնտեսությունն այլ խնդիրներ չունի լուծելու։
Ներդրումային դաշտը նախկինում մի բան չէր, իշխանափոխությունից հետո պարզապես կաթվածահար վիճակում է։ Անհասկանալի է, թե ինչ է մտածում կառավարությունը` այս իրավիճակից դուրս գալու համար։ Ներդրումային լարվածությունը թուլացնելու, ներդրումների պաշտպանության գործիքները կատարելագործելու, օրենսդրությունը վերանայելու, մասնավոր կապիտալի համար նոր խթաներ ստեղծելու ուղղությամբ այսքան ժամանակ որևէ տեսանելի քայլ չի արվել։
Այդքանից հետո պատահական չէ, որ տնտեսական հեղափոխության իրականացման հույսը մնացել է վարկերը։ Ու ինչքան էլ կառավարությունը փորձում է պետական բյուջեի հաշվին սուբսիդավորել վարկերի տոկոսները, դեռ մեծ հարց է, թե դրանով ում է ավելի շատ լավություն անում` առևտրային բանկերի՞ն, թե՞ տնտեսությանը։ Ինչքան էլ ցանկությունը գուցե մեծ է, այնուհանդերձ, վարկերով տնտեսական հեղափոխություն չեն անում։ Հատկապես որ, նույնիսկ սուբսիդավորումից հետո դրանք շատ դեպքերում մատչելի չեն տնտեսության համար։
Պետության հաշվին վարկերը սուբսիդավորելու փոխարեն` կառավարությունը ճիշտ կաներ՝ մտածեր արժեթղթերի շուկայի բարեփոխումների մասին։ Ինչպես նախկինում, այնպես էլ իշխանափոխությունից մեկ տարի հետո այս ոլորտում քար լռություն է։ Մինչդեռ դա կարող էր դառնալ լուրջ հարթակ` հատկապես ներքին շուկայում կուտակված հսկայական կապիտալը ոչ թե՝ բանկերի, այլ՝ ուղղակիորեն տնտեսություն ուղղորդելու համար։
Անընդհատ խոսվում է արտահանման ուղղվածության տնտեսություն ստեղծելու, արտահանումը խրախուսելու մասին։ Այսքան ժամանակ ի՞նչ քայլեր է արել կառավարությունն այդ ուղղությամբ։ Ընդհակառակը` մի բան էլ նոր խնդիրներ է ստեղծել արտաքին շուկաներ հայկական ապրանքների մատակարարումների պատշաճ կազմակերպման և իրականացման ճանապարհին, որոնք վաղն արտադրողներին կարող են կանգնեցնել շատ լուրջ բարդությունների առջև։
Անիմաստ է ընդհանրապես խոսել ներմուծման փոխարինման ուղղությամբ կառավարության ջանքերի մասին։ Չկա որևէ հայեցակարգային մոտեցում։
Վերջին շրջանում Հայաստանում շատ բան է թողնված ինքնահոսի։ Կառավարությանը թվում է, թե շուկան ինքնակարգավորման ճանապարհով կգա հավասարակշռության` մոռանալով, որ դրան հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Մինչ այդ Հայաստանի՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսական միջավայրում բազմաթիվ անելիքներ կան, որոնք կառավարությունն այդպես էլ չի շտապում անել։
Այնինչ` ժամանակին Նիկոլ Փաշինյանը, գուցե ոչ անտեղի, բայց առիթը բաց չէր թողնում՝ գործ չանելու համար մեղադրանքներ հնչեցնել նախկին իշխանությունների հասցեին։
Հիշենք հայտնի անեկդոտը, որը նա ոգևորված պատմում էր Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ. «Նորոգվող բնակարանի սեփականատերը մի ամիս հետո գալիս, մտնում է նորոգվող տուն և տեսնում, որ վարպետը` Պետոն, ոչինչ չի արել: Հարցնում է՝ ի՞նչ ես արել էս մեկ ամսվա ընթացքում, Պետոն ասում է. «Շեֆ ջան, լուսամուտը դրիմ: Ասում է՝ հասկացանք, հետո՞: Նորից է կրկնում՝ դե, լուսամուտը դրիմ, էտի սիրուն մաքրիմ, հավաքիմ, պլպլցրիմ ու պատուհանը փակիմ»:
Մեկ տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, բայց աշխատանքներն այդպես էլ լուսամուտը դնելուց այն կողմ չեն անցնում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ