Բաժիններ՝

Հայաստանից սև մետաղի ջարդոնի արտահանման համար տուրք կսահմանվի

Հայկական օրենսդրության գործող կարգավորումներով սողանցք է թողնված, որը թույլ է տալիս տեղական «արտադրության» ջարդոնն արտահանել, ինչը վտանգավոր է երկրի տնտեսության համար։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով ջարդոնի արտահանման վրա պետական տուրք սահմանելու նախագիծը:

Նախարարն ավելացրեց, որ վերամշակող ընկերությունները պնդում են, որ իրենք գնում են բոլոր տեսակի ջարդոնները ու կարող են ապահովել, որ դրանք վերամշակվեն ու ստանան նորմալ արտադրանք։

Տիգրան Խաչատրյանի խոսքով, եթե հետագայում խնդիր ձևակերպվի, որ ջարդոնի որոշ տեսակներ չեն սպառվում Հայաստանում, ապա արտահանող ընկերություններին գումարի փոխհատուցման միջոցով թույլ կտրվի արտահանել դա, բայց այս պահին այդ խնդիրը դեռ չկա։

«ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով սև և գունավոր  մետաղների ջարդոնը և թափոնը: Մասնավորապես, ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Նշված ոլորտի ընկերություններում, ընդհանուր առմամբ, աշխատում են շուրջ 1200 մարդ և մետաղամշակման համար անհրաժեշտ տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում` վերջիններս ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը»,- ասաց Խաչատրյանը:

Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան տեղական արդյունաբերական ընկերություններին օգտագործել տեղում առաջացած մետաղի ջարդոնը որպես հումք` ապահովելով իրենց կողմից արտադրվող վերջնական արտադրանքի համար մրցակցային գներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր կողմից ավելացրեց, որ այս պահին համաձայնություն ունեն մետաղի վերամշակողների հետ, որ նրանք կհավաքեն նաև Հայաստանի տարբեր վայրերում աղբի նման կուտակված մեքենայի թափքերը և այլ մետաղի ջարդոնը:

«Ըստ էության, մենք ոլորտի հետ նաև որոշակի նախնական «գործարք» ենք կնքել հետևյալի մասին, որ մենք տեղական արտադրությանն աջակցում ենք նաև պայմանով, որ այդ ընկերությունները լրջորեն կզբաղվեն Հայաստանում տարբեր տեսակի մետաղի թափոնների վերամշակման գործով: Խոսքը վերաբերվում է հին ավտոմեքենաների թափքերին, որոնք հանրապետությունում ամենուր են, ժանգոտած կրպակներին և այլն: Եվ ես ուրախ եմ, որ արդեն որոշակի արձագանքներ կան, որ այդպիսի պրոցես սկսվել է և կան ընկերություններ, որոնք միջոցներ են ձեռնարկում դաշտերից, տարբեր տեղերից այդ աղբը, թափոնները հավաքելու: Ես սա շատ կարևոր գործընթաց եմ համարում»,- ընդգծեց կառավարության ղեկավարը: 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն էլ նկատեց, որ ժամանակին մետաղի ջարդոնի զանգվածային արտահանումը կոտրեց Հայաստանի արդյունաբերության ողնաշարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս