Տավուշի մարզում վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխել են Երևան. կյանքին վտանգ չի սպառնում
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
«Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան»,- տեղեկացրել էր Ա. Հովհաննիսյանը։
168.am-ի հետ զրույցում Ա. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ զինծառայողին դեռևս չեն տեղափոխել Երևան։
«Ինչ վերաբերում է այս պահին զինծառայողի առողջական վիճակին, արդեն ասել եմ՝ նրա վիճակը կայուն ծանր է։ Այս պահին Նոյեմբերյանի հիվանդանոցում է»,- եզրափակեց Ա. Հովհաննիսյանը։
Նոյեմբերյանի հիվանդանոցի հերթապահ բժշկուհին էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց մոտ տեղափոխված պայմանագրային զինծառայողի գիտակցությունը տեղն է եղել, հարցերին նա պատասխանել է, սակայն մի փոքր ուշացումով:
«Նրան ցուցաբերել ենք համապատասխան օգնություն և քիչ առաջ ուղղաթիռով տեղափոխել են Երևան։ Նա Ախթալայի բնակիչ է»,- ասաց բժշկուհին։
Մեր խոսակցությունից մի քանի րոպե անց Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին գրառում կատարեց՝ նշելով, որ 1987 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում։
Զվարթ Խաչատրյան