Եղեգիս խոշորոցված համայնքի ֆերմերը մեղադրում է Սերգեյ Բագրատյանին. վերջինս նրան չի ճանաչում
Եղեգիս խոշորացված համայնքի ֆերմեր, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին հրավիրում է հանրային բանավեճի, որպեսզի ասի այն ամենը, ինչ մտածում է պատգամավորի մասին։ Այս մասին Տիգրան Եղոյանը հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով ապրիլի 27-ին Եղեգնաձորում պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Քաղաքացու օրը Եղեգնաձորում Սերգեյ Բագրատյանի և Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի միջև տեղի է ունեցել քաշքշուկ, որից հետո փոխմարզպետին տարել էին ոստիկանություն։
«Ես չեմ եկել փոխմարզպետի շահերը պաշտպանելու, ես նրան մոտիկից չեմ էլ ճանաչում, շփվել եմ միայն մի քանի անգամ՝ Եղեգիս համայնքի խնդիրների շուրջ։ Ապրիլի 27-ի միջադեպի ժամանակ Սերգեյ Բագրատյանի թույլ տված արարքը նրա կենսագրության մասնիկն է։ 2000 թվականին, երբ Արտաբույք համայնքում տեղի ունեցան ընտրություններ, այն ժամանակ նա բացահայտ աջակցում էր այն նույն երիտասարդին՝ Արմեն Սեդրակյանին, որի հետ այս միջադեպը տեղի ունեցավ։ Այդ ժամանակ Սերգեյ Բագրատյանը՝ լինելով մարզպետ, ներխուժեց քվեախցիկ և փորձեց գողանալ քվեատուփը, երբ ոստիկանը փորձեց միջամտել, նա հարվածեց ոստիկանին։ Բոլոր ապացույցները ես ունեմ, ճիշտ է՝ նրան բերման ենթարկեցին, բայց հետո, քանի որ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի մաս էր կազմում, գործը կարճվեց»,- ասաց Տիգրան Եղոյանը։
Նրա խոսքով՝ Քաղաքացու օրը Սերգեյ Բագրատյանը փորձել է «նսեմացնել» փոխմարզպետին և ցույց տալ, որ այդ տարածքում ինքն է գերիշխողը։
«Սերգեյ Բագրատյանի «արբանյակներին» ես լավ ծանոթ եմ, դա զգացել եմ սեփական մաշկիս վրա, երբ ընդվզում էի այս ամբողջ պատմությունների դեմ։ Սերգեյ Բագրատյանն իր մարզպետ աշխատելու տարիներին չարաշահել է լիազորությունները և ստեղծել սեփական ՀԷԿ, որը հետագայում վաճառել է այլ մարդու»,- շեշտեց Տիգրան Եղոյանը։
168.am-ի հարցին՝ ի վերջո, ո՞րն է իր գլխավոր ասելիքը, միայն Սերգեյ Բագրատյանի անցած ճանապարհը ներկայացնե՞լը, Տիգրան Եղոյանը պատասխանեց, որ գլխավոր նպատակն այն է, որպեսզի բոլորին հասկանալի լինի, թե իրականում ով է Սերգեյ Բագրատյանը։
«Մեկ տարի առաջ, երբ Եղեգիս համայնքի բնակչությունը ոտքի կանգնեց և պայքարեց քրեաօլիգարխիկ համակարգի դեմ, նույն Սերգեյ Բագրատյանի դեմ, 100 օր շրջափակված մնաց գյուղապետարանը, հարցը դրվել էր, որ Սերգեյ Բագրատյանը պետք է հեռու մնար գյուղից, չազդեր որոշումների վրա, բայց այս ամենի վրա աչք փակեցին։ Մեր նպատակն է՝ ցույց տալ և բացահայտել Սերգեյ Բագրատյանի դեմքը»,- հավելեց Տ. Եղոյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Ռազիկ Տոնոյանը խոշոր կոռուպցիա բացահայտելու ճանապարհին էր, ուստի Սերգեյ Բագրատյանի «խմբակի» համար ցանկալի մարդ չէր, և սա է եղել քաշքշուկի բուն պատճառը։
168.am-ի հետ զրույցում Սերգեյ Բագրատյանը նշեց, որ Տիգրան Եղոյանին չի ճանաչում ու չի պատրաստվում նրա ասածները մեկնաբանել։
«Իմ իմանալով՝ այդ մարդը Վայոց ձորից չէ, նա ֆերմեր է, թող գնա իր ֆերմերությամբ զբաղվի, հիմա ի՞նչ անենք՝ մի Տիգրան Եղոյանն էլ մենք կանչե՞նք, որ մեր անունից խոսի»,- եզրափակեց Սերգեյ Բագրատյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան