Իսպանիայի ԿԸՀ-ն Պուչդեմոնին չի թույլատրել իր թեկնածությունն առաջադրելու ԵԽ-ի ընտրություններում
Իսպանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բացառել է կատալոնցի երեք քաղաքական գործիչների, այդ թվում՝ ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի, թեկնածությունները Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների ցուցակներից:
«Պուչդեմոնը չի կարողանա իր թեկնածությունն առաջադրել եվրոպական ընտրություններում»,-Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Թեոդորո Գարսիա Էգեան: Նրա խոսքով՝ համապատասխան գանգատը ԿԸՀ է ուղարկել Ժողովրդական կուսակցությունը:
Բացի Պուչդեմոնից, Lliures per Europa կոալիցիայի ցուցակներից բացառված են Թոնի Կոմինը եւ Կլարա Պոնսանտին, որոնք նույնպես իսպանական արդարադատությունից թաքնվում են Իսպանիայի սահմաններից դուրս:
Եվրախորհրդարանի ընտրություններն Իսպանիայում կկայանան մայիսի 26-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: