«Այս տարվա առաջին եռամսյակում քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 339 անձ». Զեյնալյան
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով այս տարվա առաջին եռամսյակում նախարարության կողմից իրականացրած աշխատանքները, նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից ազատվել են 339 անձ, որից 41-ը՝ պայմանական վաղաժամկետով, 2-ը՝ հիվանդության պատճառով, 59-ը՝ համաներումով։
Անդրադառնալով Հարկադիր կատարողական ծառայության ոլորտին, նախարարը նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակում բռնագանձվել է 7 մլրդ 298 մլն 489 հազար 526 դրամ, ինչը 29,32 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Լրագրողների հարցին, թե համաներմամբ ազատ արձակվածներից քանի՞սն են կրկին հայտնվել քրաեկատարողական հիմնարկներում, Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ այդ տվյալներին չի տիրապետում, դրան տիրապետում է ոստիկանությունը։
«Ազատ են արձակվել միայն առաջին անգամ հանցագործություն կատարած անձինք, և նրանք են, որ կրկին հանցագործություն են կատարել։ Մենք այստեղ խնդիր ունենք, իհարկե, այս խնդիրն ամբողջ աշխարհում կա՝ համաներումներից հետո նման դրսևորումներ լինում են։ Մենք աշխատանքներ ենք տանում՝ նվազեցնել այն անձի կրկին ձերբակալությունը, որն ազատ է արձակվել։ Նախատեսվում է սահմանել երկամսյա նպաստ, որպեսզի այդ ընթացքում դատապարտյալը գտնի աշխատանք»,- հավելեց Արտակ Զեյնալյանը։
Զվարթ Խաչատրյան