
Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Պորտուգալիայի խորհրդարանի բանաձևը

Թուրքիան դատապարտել է Պորտուգալիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից արված հայտարարության մեջ մասնավորապեես ասվում է, որ Թուրքիան չի ընդունում 1915թ-ի դեպքերի վերաբերյալ Պորտուգալիայի խորհրդարանի՝ ապրիլի 26-ին արած հայտարարությունը և այն կտրականապես անընդունելի է համարում։
Թուրքիայի ԱԳՆ-ն Պորտուգալիային կոչ է արել «չաղավաղել իրողությունները ներքաղաքական նկատառումներից ելնելով»։
Հիշեցնենք, որ նախօրեին Պորտուգալիայի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Բանաձևում նշվել է, որ Առաջին Համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած տարիների ընթացում ցեղասպանության հետևանքով զոհված հայերի թիվը գնահատվում է 800.000-1,5 միլիոն։
Օսմանյան իշխանությունների կողմից իր տարածքում բնակվող հայ փոքրամասնության դեմ իրականացվող համակարգված ոչնչացումը պատմաբանների միջազգային հանրությունը համարում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։