Ում համար էր էրդողանի ապրիլքսանչորսյան կոշտ ուղերձը

«Թուրքիան իր մոտեցումը չի փոխել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վերաբերյալ, նման հեռանկարներ  ներկայումս դեռ չեն ուրվագծվում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին, դրան հաջորդած հայկական կողմի պատասխանին և հայ-թուրքական առաջիկա հնարավոր օրակարգին։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ունեցած  ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Հայաստանին կոչ էր արել բացել արխիվները՝ 1915-ին տեղի ունեցածն ուսումնասիրելու համար։ Նա նաև «Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրությունների վրա դրանց ազդեցության մասին գիտաժողովի» շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ 1915թ. հայերի աքսորը «ողջամիտ քայլ էր»:

«Արևելյան Անատոլիայի մուսուլման բնակիչներին, նույնիսկ կանանց ու երեխաներին կոտորող հայկական ավազակախմբերի և վերջիններիս աջակիցների աքսորն ամենաողջամիտ քայլն էր, որ կարելի էր անել նման ժամանակաշրջանում»,- ասել էր Էրդողանը։

Իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվյալ ելույթն անվանել էր Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ և «ազգի սպանդի արդարացում»:

Հայաստանի վարչապետը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թուրքիայի նախագահի ատելության խոսքին:

«Օսմանյան կայսրության ողջ հայ բնակչությանը, որը դատապարտվեց զանգվածային սպանդի ու մահվան երթերի, «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելն ու  դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլև՝ մի ողջ ազգի սպանդի արդարացում»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել էր վարչապետ Փաշինյանը:

Ջենգիզ Աքթարն ասաց, որ չնայած այս անգամ էրդողանի ելույթն ավելի կոշտ որակվեց, սակայն սա այն մոտեցումն ու դիրքորոշումն է, որը Թուրքիայի ներկայիս իշխանությունները տանում են այս հարցի և Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների ուղղությամբ վերջին տարիներին։

Ըստ նրա՝ այդ մոտեցման մասն են կազմում արխիվների բացման հորդորները, հերքումն ու  արդարացումը։

«Այս ամենը զգալի է եղել Էրդողանի բոլոր ելույթներում, որոնք պտտվել են այս թեմայի շուրջ, պարզապես գուցե չեն եղել չափազանց ակնհայտ։ Ներկայումս նման երանգների համար կան պատճառներ, որոնք բնավ Հայաստանին չեն առնչվում, քանի որ ՀՀ իշխանությունները  հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնում են հազվադեպ, նույն կերպով չունենալով ակտիվ քաղաքական դոկտրինում այս հարցի կարգավորումը՝ որպես առաջնահերթություն։

Թուրքիայի իշխանությունների տեսանկյունից այս հռետորաբանությունն արդարացված է՝ հաշվի առնելով քրդական գործոնը, որը եղել է մեծ խնդիր ու գուցե դառնա ավելին, ինչպես նաև՝ ներքաղաքական զարգացումները։ Չեմ կարծում, որ այս հայտարարություններին պետք է հետևի հարաբերությունների է՛լ ավելի լուրջ վատթարացում, քանի որ հարաբերություններ չկան, կարգավորման ծրագրեր ու հեռանկարներ չկան։

Սա հասկանալով, ամենայն հավանականությամբ, այս հարցն անտեսում է նաև հայկական կողմը, բավարարվելով աշխատանքով միջազգային ճանաչման ուղղությամբ, ուստի որևէ ազդեցություն չի կարող լինել, քանի որ չկա կապ և որևէ ծրագիր կողմերի միջև, քանի դեռ կա ադրբեջանական ներկայիս դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Սա մի բարդ շրջան է, որից ներկայումս ելք չի երևում։ Հայ-թուրքական հարաբերություններն էլ ավելի շատ վատթարանալու ներուժ չունեն, բայց սա մի թեմա է, որը կարող է ներքին շահարկման առարկա դառնալ պարբերաբար»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս