Թեհրանը կասկածում է շուկայում իրանական նավթը փոխարինելու Աբու-Դաբիի և Էր- Ռիադի կարողությանը

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն կարծում է, որ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) չափազանցնում են իրենց նավթային սեկտորի հնարավորությունները՝ խոստանելով փոխհատուցել իրանական նավթի պակասը շուկայում: Նախարարի համապատասխան կարծիքը ապրիլի 26-ին հաղորդել է IRNA գործակալությունը։

«Որքան հասկանում եմ՝ այդ երկրները չափազանցնում են իրենց նավթային սեկտորի հնարավորությունները: Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի խոստումներն ինչպե՞ս կկարողանան փոխհատուցել իրանական նավթի վակուումը համաշխարհային շուկայում»,-ասել է Զանգանեն: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները, որոնք հարվածում են նավթի ոլորտին, «բլեֆ չեն, այլ թշնամանքի շատ խիստ դրսեւորում Իրանի նկատմամբ»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին իր հերթին իրանական նավթը փոխարինելու Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի պատրաստակամությունը համարել է «ագրեսիայի ակտ Իրանի ժողովրդի դեմ»: «Այս երկու երկրները չեն կարող չհասկանալ, որ Թրամփը իր թշնամական քաղաքականությունը վարելու է եւս ընդամենը մեկ-երկու տարի: Իսկ մենք նրանց մշտական հարեւանն ենք տարածաշրջանում»,- Վայեզիի խոսքը մեջբերում է Shana գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս