Նազարբաևն առաջարկել է Եվրամիությանը՝ միանալ ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացմանը
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ եթե Եվրամիությունը միանա ԵԱՏՄ-ի եւ նոր Մետաքսի ճանապարհի չինական նախաձեռնության հետ ինտեգրացմանը, Եվրասիայում կլինի բոլորի համար շահավետ գլոբալ ինտեգրացում:
«Այժմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում էր Մետաքսի ճանապարհի ծրագրի հետ ԵԱՏՄ-ի զուգորդման մասին: Այդ զուգորդումը շատ կարեւոր է: Հեռանկարում, եթե Եվրամիությունը միանա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը եւ ԵԱՏՄ-ին, ապա դա բոլորի համար շահավետ գլոբալ ինտեգրացում կլիներ եվրասիական մայրցամաքում»,- ասել է Նազարբաեւը, որը ժամանել է Պեկին՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովն ապրիլի 25-27-ին ընթանում է Պեկինում, դրան մասնակցում են պետությունների ու կառավարությունների 37 ղեկավարներ: Համաժողովի աշխատանքին մասնակցելու համար ժամանել են նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հայեցակարգը Չինաստանի նախաձեռնությունն է գոյություն ունեցող առեւտրափոխադրական միջանցքների կատարելագործման եւ նորերի ստեղծման նպատակով, որոնք կապում են Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի եւ Աֆրիկայի 60-ից ավելի երկրներ, ինչը կոչված է նպաստել նրանց եւ Չինաստանի միջեւ առեւտրական հարաբերությունների զարգացմանը:
«Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ձեւավորման գաղափարն առաջադրվել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի կողմից եւ առաջին անգամ հնչել է 2013 թվականի սեպտեմբերին Ղազախստան պետական այցի շրջանակում Աստանայում նրա ունեցած ելույթի ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: