Նիդերլանդների տարբեր քաղաքներում ոգեեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիդերլանդների տարբեր բնակավայրերում ապրիլի 24-ին տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ։
Ամստերդամի Հայ առաքելական Սուրբ Հոգի եկեղեցու մոտ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցած արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Նիդերլանդների օրենսդիր մարմնում ներկայացված տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորներ Սադեթ Քարաբուլութը (Sadet Karabulut), Ջոել Վորդևինդը (Joel Voordewind), Կեես վան դեր Ստայը (Kees van der Staaij), Ամստերդամի քաղաքային խորհրդի անդամներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ։
«Ասենում կայացած հիշատակի արարողությանը հայ, թուրք և քուրդ երիտասարդները համատեղ ծաղկեպսակ զետեղեցին Եղեռնի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։ Այնուհետև, սգո հավաքին ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, «Աբովյան» միության ղեկավար Մաթո Հախվերդյանը, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը (Inge Drost), Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, Ասենի քաղաքային վարչության անդամ տիկին Յաննա Բոյ-Վենակամպը (Janna Booij-Venekamp) և Հայոց ցեղասպանության պատմության հետազոտող-ուսուցիչ Դիրք Ռոդզանտը (Dirk Roodzant)։
Ալմելոյի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կայացած ոգեկոչման արարողությանը նախորդեց Արևմտյան Եվրոպայում Հայ առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից մատուցված Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգը, որին ներկա էին դեսպան Տիգրան Բալայանը, Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը (Arjen Gerritsen) Օվերայսելի նահանգային և Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամներ, ասորական և ղպտիական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Այնուհետև, Մեծ Եղեռնի հուշահամալիրի մոտ Նիդերլանդների և Հայաստանի օրհներգերի կատարումից հետո, տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն։
Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու միջոցառումների սրահում կայացած ոգեկոչման երեկոյին ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը, եկեղեցական խորհրդի նախագահ Օնիկ Գելիջյանը, հայկական մշակույթը ներկայացնող կատարումներով հանդես եկան եկեղեցուն կից գործող մշակութային խմբակները։
Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են հոլանդական մամուլում»,- նշված է հաղորդագրության մեջ։