«Դրոշայրման դեմ գրառումներից մեկը եղել է նախարարություններից մեկի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից». Գեղամ Մանուկյան

«Սա թուրք ժողովրդի դեմ չէ, թուրք քաղաքացիների, որ հիմա այդքան փորձում են շահարկել. սա ժխտողական կեցվածք ունեցող Թուրքիայի կառավարության դեմ է։ Տարիներ, տասնամյակներ շարունակ Ցեղասպանություն իրականացրած Օսմանյան Թուրքիայի շարունակություն այդ կառավարության դեմ է»,- այսօր Թուրքիայի դրոշն այրելու միջոցառման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի դրոշն այրելու կապակցությամբ մի շարք քրեական մեղադրանք պարունակող գրառումներ էին եղել սոցցանցերում, որտեղ մասնավորապես դիմել էին ՀՀ ոստիկանությանը` մեջբերելով ՀՀ քր. օրենսգրքի 331 հոդվածը, թե պետական խորհրդանիշ են այրում:

Ի պատասխան՝ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ապրիլի 25-ին, ժամը 15-ին այրելու եմ Թուրքիայի դրոշը Ազատության հրապարակում։ Էն լամուկին լուր տվեք, որ ոստիկանությանն ահազանգի։ Պաշտոնական հայտարարություն»:

Գեղամ Մանուկյանը դրոշայրումին ներկա լրագրողներին տեղեկացրեց, որ քրեական մեղադրանք պարունակող առաջին գրառումներից մեկը եղել է նախարարություններից մեկի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, ով արագ հեռացրել է գրառումը. «Շատ արագ հեռացրել է գրառումը՝ կամ հասկանալով, կամ ուղղակի հասկացվելով, որ չի կարելի նման բան»։

Պաշտոնյայի անունը Գ. Մանուկյանը չհրապարակեց։ Իսկ ոստիկանն ակցիայից առաջ մոտեցավ միայն ճշտելու, թե ինչ են պատրաստվում անել։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս