Վարշավայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն
Վարշավայի Հայկական պուրակում տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից ապրիլի 24-ին կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:
Միջոցառմանը ներկա էին Հայոց ցեղասպանությունը ճանաչած մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, տեղական իշխանությունների, ինչպես նաև լեհական և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դեսպան Սամվել Մկրտչյանը, դիմելով ներկաներին, իր խոսքում մասնավորապես կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ Լեհաստանի կողմից (2005թ. ապրիլի 19-ին) ճանաչումն ու դատապարտումը և ընդգծեց, որ հայ ժողովրդի սկզբունքային և հետևողական պայքարն ունի նաև ցեղասպանությունների կրկնման հնարավորությունները բացառելու և նման ոճրագործությունները կանխելու մարդասիրական նպատակ:
Այնուհետև, հիշատակի սրբոց կարգ մատուցվեց Լվովից ժամանած Հայ առաքելական եկեղեցու ավագ քահանա Տեր Թադևոս Գևորգյանի և Լեհաստանի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Յուզեֆ Նաումովիչի կողմից: Ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ և սրբադասված զոհերի հիշատակի հուշարձանին: Խաչքարի մոտ տեղի ունեցավ նաև մոմավառություն:
Նախքան արարողությունը և հետո Վարշավայում բողոքի քայլերթեր և ակցիաներ իրականացվեցին հայկական մի շարք կազմակերպությունների անդամների կողմից: