Բաժիններ՝

Կառավարությունն ընդունեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած նախագիծը

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել օրենքի նախագծով՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին օրենքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

Կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով այդ նախագիծը՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է բացառություն սահմանել հիմնադրամներից՝ «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման համար» նախատեսված հիմնադրամի համար, որպեսզի այն չկատարի այն վճարները, որոնք նախատեսված են ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցումների համար։

«Սա հիմնավորվում է նրանով, որ այստեղ ոչ միայն ֆինանսական, այլև բարոյական ու սոցիալական խնդիր կա։ Մենք առաջարկում ենք ձեռնպահ մնալ այսպիսի փոփոխությունների գնալուց և տարբերակված մոտեցումներ չցուցաբերել հիմնադրամների նկատմամբ, քանի որ հիմնադրամները ՊՈԱԿ են, որոնք հետապնդում են առողջապահական, բնապահպանական, սոցիալական և այլ հանրօգուտ նպատակներ»,- նշեց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ հաշվարկների մասին է խոսքը, արդյո՞ք վճարվող գումարները մեծ են։

«80-90 հազար դրամի մասին է խոսքը, տարվա մեջ մեկ անգամ»,- պատասխանեց Արտակ Զեյնալյանը։

Վարչապետն էլ հավելեց, որ այս տարի զինծառայողներին աջակցող հիմնադրամի շահառուների շրջանակն ընդլայնվել է, մինչև 2008 թվականի հունվարի 1-ը ներառյալ տեղի ունեցած դեպքերը։

ԱԺ պատգամավորի ներկայացրած նախագիծը Կառավարությունը միաձայն ընդունեց։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս