Բաժիններ՝

Պուտինի և Կիմ Չեն Ունի առաջին գագաթնաժողովը տևել է երեքուկես ժամ

Վլադիվոստոկում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի առաջին գագաթնաժողովը: Բանակցությունները շարունակվել են երեքուկես ժամ, գրեթե երկու ժամ ղեկավարները զրուցել են դեմ առ դեմ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Պուտինի խոսքով՝ ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ խոսակցությունը «հանգամանալի» էր: Արծարծվել են երկկողմ հարաբերությունների թեմաները, համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ Կորեական թերակղզու իրադրությունը: Այդ կապակցությամբ Պուտինը նշել է, որ Կորեական թերակղզու միջուկային հիմնախնդրի լուծումն այլընտրանք չունի: «Ելնում ենք այն բանից, որ տարածաշրջանի միջուկային եւ մյուս խնդիրների խաղաղ լուծման այլընտրանք չկա ու չի կարող լինել»,-հայտարարել է նա:

Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանն իր կողմից պատրաստ է շարունակել փոխգործակցությունը թերակղզում լարվածության թուլացման, ամբողջ Հյուսիսարեւելյան Ասիայում անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Իր հերթին Կիմ Չեն Ունը շնորհակալություն է հայտնել Պուտինին բանակցությունների ընթացքում անցկացրած հիանալի ժամանակի համար, նշելով, որ բովանդակալից զրույց է անցկացվել ընդհանուր հետաքրքրություն ներկայացվող հարցերի, ինչպես նաեւ հրատապ բոլոր խնդիրների շուրջ: Նա հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն նույն օգտակար ու կառուցողական հունով:

Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսկի կղզում՝ Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի մասնաշենքերից մեկում: Սա Կիմ Չեն Ունի առաջին այցն է Ռուսաստան, ինչպես նաեւ առաջին արտասահմանյան ուղեւորությունը ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահի պաշտոնում նրա վերընտրվելուց ի վեր: ՌԻԱ Նովոստիի աղբյուրի տեղեկատվության համաձայն, գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդին սպասում է մշակութային ծրագիր: Նա Վլադիվոստոկում կգտնվի մինչեւ ապրիլի 27-ի առավոտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս